Լիզինգային ծրագրով գյուղացիները կկարողանան ձեռք բերել գյուղատնտեսական սարքավորումներ
Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին լրացուցիչ արտոնություններ տրամադրելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
Ըստ այդմ՝ գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում տրամադրվող նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի մինչև 12 տոկոսային կետով, որպեսզի վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 0 տոկոս։
Բաից այդ, ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրից գյուղացիական տնտեսություններին օգտվելու հնարավորություն տալու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
Ծրագիրը մեկնարկել է 2018 թ. հուլիսից, որի հիմնական նպատակը` ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ ֆինանսական վարձակալության մեխանիզմների կիրառմամբ սարքավորումների մատակարարումն է: Որոշմամբ առաջարկվում է ավելացնել ծրագրի ընդգրկման շրջանակը և դրանից օգտվելու հնարավորություն ընձեռել նաև բուսաբուծության և անասնապահության ոլորտներում ներգրավված գյուղացիական տնտեսություններին։
Կառավարության ղեկավարը հորդորել է գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող ծրագրերի վերաբերյալ հանրությանը պատշաճ տեղեկատվություն տրամադրել, ինչպես նաև կարևորել է ծրագրերի ընթացքի մոնիթորինգի իրականացումը:
«Այս ծրագրերը պետք է լիարժեք իրականացվեն, և շատ կարևոր է, որ մենք իսկապես պատշաճ ժամկետում կարողանանք նեգատիվ ազդակները ստանալ և անհրաժեշտ փոփոխությունները կատարել ծրագրերում», - նշել է վարչապետը:
Նիստում քննարկվել է նաև սեզոնային աշխատանքի հետ կապված հարցերը. արձանագրվել է, որ կլինեն այնպիսի կարգավորումներ, որպեսզի սեզոնային, ժամանակավոր աշխատանքի ընդունվելու պարագայում քաղաքացիները չզրկվեն նպաստից։
Կառավարությունը հաստատել է նաև ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում լոլիկի հարավամերիկյան ցեց վնասատուի դեմ պայքարի միջոցառումների իրականացման պիլոտային ծրագիրը: Այդ վնասատուն մեծ տնտեսական վնաս է հասցնում գյուղացիական տնտեսություններին:
Չնայած ձեռնարկված միջոցներին դեռևս ցածր է տնտեսավարողների իրազեկվածության աստիճանը: Անհրաժեշտություն է առաջացել գիտականորեն հիմնավորված պայքարի միջոցառումների արդյունավետության տեսանելի ցուցադրման: Տնտեսավարողների համար լոլիկի դաշտում կազմակերպվող սեմինարներն ավելի ուսուցողական և արդյունավետ են:
Ծրագրի իրականացման համար ընտրվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանը՝ հաշվի առնելով առկա գիտական ներուժը, ինչպես նաև ծրագրի իրականացմանն ուսանողների ներգրավման հնարավորությունները: Ծրագրի իրականացման և հողօգտագործողի կողմից ագրոտեխնիկական համալիր միջոցառումների կատարման արդյունքում ակնկալվում է փորձադաշտում բերքի կորուստների կանխում առնվազն 70 տոկոսով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան