Վարչապետն ու Գերմանիայի ՍԴ նախագահը քննարկել են իրավական ոլորտում համագործակցության հարցեր
Վերջին շրջանում հայ-գերմանական հարաբերությունները նոր թափ են ստացել, ինչի մասին են վկայում բարձրաստիճան պաշտոնական պարբերական փոխայցերն ու հանդիպումները: Այս մասին նշել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գերմանիայի Դաշնային Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Անդրեաս Ֆոսկուլեի հետ հանդիպմանը։
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը նաև կարևորել է երեկ Գերմանիայի Բունդեսթագի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը՝ նշելով, որ դա ազդակ կհանդիսանա նաև ԵՄ անդամ մյուս երկրների կողմից վավերացման համար: Անդրադառնալով իրավական ոլորտում հայ-գերմանական համագործակցությանը՝ վարչապետը նշել է, որ Հայաստանում տեղի են ունեցել արմատական քաղաքական փոփոխություններ, որոնց նպատակը օրենքի և իրավունքի գերակայության հաստատումն է և ժողովրդավարության ինստիտուցիոնալ հզորացումը: Այս համատեքստում կառավարության ղեկավարն ընդգծել է դատաիրավական ոլորտի բարեփոխումների կարևորությունը և միջազգային առաջադեմ, այդ թվում՝ գերմանական փորձի ուսումնասիրությունը և փոխանակումը:
Գերմանիայի սահմանադրական դատարանի նախագահ Անդրեաս Ֆոսկուլեն նշել է, որ գոհունակությամբ հետևում են Հայաստանում ընթացող գործընթացներին և պատրաստ են աջակցել մեր երկրին՝ ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Նա ընդգծել է առհասարակ սահմանադրական դատարանների դերի կարևորությունը արդարադատության ոլորտի բարեփոխումների հաջող իրականացման գործում:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ իրավական համագործակցության հետագա ամրապնդմանը վերաբերող հարցեր, վերահաստատել այդ ուղղությամբ արդեն իսկ առկա արդյունավետ գործակցությունը շարունակելու պատրաստակամությունը: Կողմերը նաև մտքեր են փոխանակել խորհրդարանական կառավարման համակարգի գործունեության շուրջ: