Փաշինյանը՝ վիճող պատգամավորին. Մի հատ հանգստացեք, այ քեզ բան
Երևան-Գյումրի-Երևան երթուղու էլեկտրագնացքով Շիրակի մարզկենտրոն մեկնած վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, մարզպետ Տիգրան Պետրոսյանի ու այլ պաշտոնյաների հետ քայլելիս նկատեց՝ քաղաքացիների համար քայլելու տեղ չկա։
Մինչ նա ուզում էր պատմել քաղաքապետ Բալասանյանի հետ ունեցած խոսակցության մասին, մեջքի հետևում կանգնած քաղաքապետն ու ԱԺ պատգամավորը սկսեցին վիճել, իրար մեղադրել կլյաուզնիկության մեջ։
«Էէէէ, դե չեղավ ժողովուրդ, չեղավ։ Կարող է ըստեղ քուչի կռիվ էլ սկսի, մի հատ հանգստացեք, այ քեզ բան։ Մի հատ էլ իմ ներկայությամբ հեսա բաներ եք անելու»,-բարկացավ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Գյումրի է ուղևորվել Երևանի երկաթուղային կայարանից՝ Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող նոր՝ թվով երկրորդ ЭП2Д էլեկտրագնացքով:
Մինչ այդ վարչապետը ծանոթացել է երկաթուղային կայարանի գործունեությանը, որի ընթացքում, մասնավորապես, նրան են ներկայացրել տոմսերի վաճառքի համակարգը: Նիկոլ Փաշինյանը եղել է նաև կայարանի թանգարանում:
Կառավարության ղեկավարը ծանոթացել է էլեկտրագնացքի պայմաններին, հնարավորություններին և ողջունել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից էլեկտրագնացքների ավելացման որոշումը: Դրա մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխի, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Միշարինի 2018 թվականի նոյեմբերին կայացած հանդիպմանը:
Նոր էլեկտրագնացքը կաշխատի ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին էքսպրեսի ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների: Սա արդեն երկրորդ ժամանակակից որակյալ շարժակազմն է, որը կաշխատի ամենածանրաբեռնված ներհանրապետական երթուղում:
Նիկոլ Փաշինյանը Հարավկովկասյան երկաթուղու ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարելու նաև վագոնավերանորոգման և լոկոմոտիվային դեպոներում:
Էլեկտրագնացքը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից գնվել է վերջերս՝ ռուսական «Տրանսմաշհոլդինգ» արտադրող ընկերությունից: Նոր էլեկտրագնացքի երթևեկության տևողությունը կազմում է 2 ժամ 10 րոպե: Արագընթաց գնացքները կաշխատեն օրը 4 անգամ՝ ժամը 09:40 և 17:15-ին մեկնելով Երևանից Գյումրի և 09:05 և 17:10-ին վերադառնալով մայրաքաղաք:
ЭП2Д էլեկտրագնացքը լիովին համապատասխանում է ուղևորափոխադրումների անվտանգության բոլոր կանոններին: Հայաստանի համար ընտրվել է էլեկտրագնացքի 2-վագոնանոց մոդիֆիկացիան, որն առավել հարմար է հայաստանյան պայմաններին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները