Որտեղ և ինչպես են ցանկանում ադրբեջանցի նախարարները հանդիպել իրենց հայ գործընկերների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ժանրի ողջ կանոններով, պատասխանել է Հայաստանի իր գործընկերոջ՝ Դավիթ Տոնոյանի հայտարարությանը՝ կապված «նոր պատերազմ, նոր տարածքներ» բանաձևի հետ։
«Երբ լսեցի նրա հայտարարությունը, ապա ասացի, ինչ լավ կլինի, եթե նրանք իրականում անցնեն հարձակման։ Այդ դեպքում ես կհանդիպեի Տոնոյանի հետ Երևանում»,- ասել է Ադրբեջանի նախարարը՝ չմոռանալով պարծենալ, թե ինչպես են 2016թ. ապրիլին 18 րոպեում հատել անառիկ համարվող «Օհանյանի գիծը» և ինչպես են պատրաստ 3-4 անգամ ավել հարված հասցնել հայերին, եթե նրանք օգտագործեն իրենց բոլոր հնարավորությունները։
Իսկ մինչ այդ Բրյուսելում, ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդի 16-րդ նիստից հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ շուտով հանդիպելու է հայաստանցի իր գործընկերոջ հետ։ Ժամկետներն արդեն ամրագրված են, իսկ դրանց մասին կհայտարարվի ավելի ուշ։
Հետաքրքրական իրավիճակ է ստեղծվել թե՛ Ադրբեջանում, թե՛ նաև Հայաստանում ու Արցախում։ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մեթոդների շուրջ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների դիրքորոշումների տարբերությունը առաջին հայացքից կարելի է բացատրել պարզ մարտավարական դերաբաշխմամբ։ Յուրաքանչյուրն առաջ է տանում այն մեթոդները, ինչի գիտակն ու պատասխանատուն է։ Պատմության ընթացքում միշտ էլ չգրված օրենք է եղել՝ գեներալները կողմ են ուժային մեթոդներին, ներառյալ պատերազմը, իսկ դիվանագետները հակառակը՝ նախընտրում են հակասությունների լուծման խաղաղ, ոչ բռնի ուղիները։ Կարելի է գտնել նաև հակառակ օրինակներ, բայց ընդհանուր միտումը սա է։
Եվ հիմա, երբ որոշակի ակտիվություն կա ԼՂ բանակցային գործընթացում, կարելի է ենթադրել, որ Տոնոյանը և Հասանովը կատարում են իրենց դերակատարությունը և ուժի ցուցադրման կամ կիրառման սպառնալիքով օգնում են իրենց գործընկերներին առավել շահեկան սակարկային դիրքերից հանդես գալ բանակցություններում։ Սակայն այստեղ խնդիրը խորքային է, և ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ հնչող տեսակետները միայն այս մարտավարական սխեմայով բացատրելը պատկերի ոչ ամբողջական ներկայացում կլիներ։
Հարցն այն է, որ պատմական փորձը, ձևավորված էթնոհոգեբանական կարծրատիպերը, ձգձվող հակամարտության ծնած դառը հիշողությունները, հասարակությունների ռազմականացման բարձր մակարդակները և էլի շատ գործոններ «պատերազմ, թե բանակցություններ» երկընտրանքը դուրս են բերել նախարարական կաբինետներից և դարձրել հանրության լայն շերտերի նախապատվությունն արտահայտող գործիք։ Դատելով հանրային քննարկումներում շրջանառվող մոտեցումներից՝ ցավալիորեն պետք է փաստել, որ գոնե հրապարակային հայտարարությունների մակարդակում ավելի լայն աջակցությունն ունի ուժային լուծումը՝ չնայած այն աղետալի հետևանքներին, որ իր հետ կբերի հավանական պատերազմը։ Եվ երբ նախարարներից որևէ մեկը դիրքորոշում է հայտնում, ապա դա միայն իր գերատեսչության կարծիքը չի, այլ այդ կերպ հայտնում է նաև հասարակության այս կամ այն թևի նախապատվությունը։
Բազմիցս ասվել, և ավելորդ չէ ևս մեկ անգամ կրկնել, որ նման իրավիճակի ստեղծման ուղիղ պատասխանատուն Ադրբեջանն է ու նրա ներկայիս ղեկավարությունը, ում առավելապաշտությունն ու չհիմնավորված անզիջողականությունը խաղաղ գործընթացին հաջողելու շանսեր չեն տալիս։
Երկար տարիներ արդեն բոլորի համար սովորական էին դարձել ադրբեջանական ղեկավարության՝ հայատյացությամբ ներծծված ռազմատենչ հռետորաբանությունը։ Պատերազմով սպառնալը Ադրբեջանի շնորհիվ դարձել էր առօրյա խոսք ու զրույցի մաս, այնինչ հարևան պետության նկատմամբ նման դիրքորոշումը միջազգային իրավունքի կարևոր սկզբունքների խախտում է։ Հայաստանը մշտապես պատասխանել էր զուսպ և ադեկվատ։ Կարևոր հանգամանքն այն էր, որ Հայաստանն էր պատասխանել, իսկ այսօր արդեն Ադրբեջանն է պատասխանում։
Այս նոր իրողության դեպքում ևս միանշանակ մոտեցում չկա, թե որն է ճիշտը՝ մշտապես լինել պատասխանող, թե՞ նաև լինել բանավեճ նախաձեռնող, պատասխան պահանջող։ Ռացիոնալ հաշվարկների կողմնակիցները գուցե նախընտրեն առաջին տարբերակը։ Վերջին հաշվով առկա ստատուս քվոն ավելի ձեռնտու է հայկական կողմին, ու՞մ է պետք նոր սրացում և հնարավոր պատերազմ։ Մյուս կողմից էլ վերջին տասնամյակների փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանի ագրեսիայից պետք է ոչ միայն պաշտպանվելու կարողություններ զարգացնել, այլ պետք են նաև զսպման մեխանիզմներ։
Ճշմարտությունը թերևս, ինչպես ասում են, ինչ որ տեղ մեջտեղում է, երկու մոտեցումների համադրության մեջ, ինչը փորձում են անել հայ ու ադրբեջանցի նախարարները։ Այս համատեքստում բավականին կարևոր է միմյանց ճիշտ ուղերձներ հասցնելը՝ նաև ուղիղ հանդիպումների ընթացքում։
Ի տխրություն նախարար Հասանովի՝ նա առաջիկայում նման հնարավորություն չի ունենա, քանի որ իր պատկերացրած սցենարով Տոնոյանի հետ Երևանում հանդիպել նա կարող է միայն երազում։ Իսկ ահա նախարար Մամադյարովը առաջիկայում հնարավորություն կունենա իր գործընկերոջ հետ մտքեր փոխանակելու, հուսանք, ի պաշտպանություն խաղաղ գործընթացի։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Ապրիլյան պատերազմի մասին վտանգավոր միֆեր են շրջանառվում
- Թող ոչ մեկի մոտ կասկած չառաջանա. Դավիթ Տոնոյանն՝ իր հայտարարության մասին
- Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի պաշտպանության նախարարի պաշտոնից. վարչապետ
- Փաշինյան-Ալիև հանդիպումից հավելյալ տեղեկատվության անհրաժեշտություն կա. Տոնոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան