Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել Գերմանիայի դերը Հայաստանի օրենսդրական դաշտի բարեփոխումների գործում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սահմանադրական դատարանի և երկրորդ սենատի նախագահ Անդրեաս Ֆոսկուլեի և նրա գլխավորած պատվիրակության հետ:
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել Գերմանիայի ու գերմանացի փորձագետների դերը Հայաստանի օրենսդրական դաշտի բարեփոխումների իրականացման գործում:
Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև փոխգործակցության շարունակությունը ոչ միայն իրավական հարթության մեջ, այլև գիտական, կրթական ու տնտեսական ոլորտներում:
Նրանք ընդգծել են, որ Հայաստանի ու Գերմանիայի միջև հարաբերությունների ընդլայնման և համագործակցության խորացման մեծ ներուժ կա:
Հիշեցնենք, որ ապրիլի 4-5-ը Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի հրավերով, պաշտոնական այցով Հայաստանում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սահմանադրական Դատարանի նախագահ Անդրեաս Ֆոսկուլեի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են Դատարանի նախագահի տեղակալ և առաջին Սենատի նախագահ Շտեֆան Հարբարթը, Դատարանի դատավորներ, Դատարանի աշխատակազմի ղեկավարը:
Այցի նպատակն է երկկողմ իրավական համագործակցության հետագա ամրապնդումն ու սահմանադրական արդարադատության իրականացման ոլորտում փորձի փոխանակումը: Այցի ընթացքում նախատեսված են պաշտոնական և աշխատանքային հանդիպումներ։
Պատվիրակության անդամները հանդիպել են վարչապետին, ՍԴ նախագահին։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ նախագահ. Նախընտրած թեկնածու ունենալու իրավունք չկա, որևէ քաղաքական ճնշում կառույցի վրա ևս չկա
- Վարչապետն ու Գերմանիայի ՍԴ նախագահը քննարկել են իրավական ոլորտում համագործակցության հարցեր