Քրգործ հարուցելու ցուցում տալու լիազորություն վերապահվում է բացառապես դատախազին․ ՄԻՊ-ը՝ Փաշինյանի գրառման մասին
«Քրեական դատավարության օրենսգիրքն ունի սուբյեկտների հստակ շրջանակ, թե քրեական դատավարության շրջանակում ով ինչ հանձնարարություններ կարող է տալ, իսկ կոնկրետ իրավիճակին չեմ կարող մեկնաբանություններ տալ, քանի որ ծանոթ չեմ գրառմանը»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ պատասխանելով հարցին, թե որպես ՄԻՊ ինչպես է գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն գրառումը, որ իր անձնական ցուցումով քրեական գործ է հարուցվել իր մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով:
Արման Թաթոյանը մի քանի անգամ կրկնեց, որ գրառման հետ ծանոթ չէ, իսկ գնահատական տալու համար պետք է անձամբ ծանոթանա:
Լրագրողները Պաշտպանի համար ընթերցեցին վարչապետի ֆեյսբուքյան գրառումը, ինչից հետո Արման Թաթոյանն ասաց. «Քրեական դատավարության օրենսգիրքը քրեական գործ հարուցելու ցուցում տալու լիազորությունը վերապահում է բացառապես դատախազին, ոչ վարչապետին»:
Դիտարկմանը, թե փաստորեն այստեղ խնդիր կա, Պաշտպանն ասաց, որ միգուցե վարչապետն այլ իմաստով է ասել, պետք է հարցն ուղղել նրան, կամ վարչապետի աշխատակազմին. «Ես չեմ կարող վարչապետի խոսքը մեկնաբանել: Ես ընդամենն ասում եմ, որ անձին ձերբակալելու, քրեական գործ հարուցելու ցուցում տալը վերապահված է դատախազին, կամ քննչական բաժնի պետն ունի որոշակի լիազորություններ»:
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել էր.
«Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով:
Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի եւ մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության:
Սա նոր Հայաստան է, և վարչապետի որեւէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»:
Հ.Գ.- Ի դեպ, ՄԻՊ-ի այս հայտարարությանը Փաշինյանը անդրադարձել է այսօր Գյումրիում։
Նա հեգնել է. «Ապրի Մարդու իրավունքների պաշտպանը, թող ինձ տանեն, դատապարտեն, նստացնեն…»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները