Panorama.am-ի հարցման հիման վրա ԴԱՀԿ-ը Զարինե Մխեյանի վերաբերյալ կատարողական վարույթը վերսկսել է
Ռուս երգիչ Ստաս Միխայլովի` ապրիլի 2-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսված մենահամերգը չկայանալու մասին հայտարարությունը հիշեցրեց ևս մեկ չկայացած համերգ, որի տոմս գնած մի քանի տասնյակ քաղաքացիները մինչ օրս չեն ստացել իրենց գումարները՝ չնայած դատարանի որոշմանը։
Խոսքը Էրոս Ռամազոտիի մենահամերգի մասին է, որը Երևանում նախատեսված էր 2016 թվականի ապրիլի 26-ին: Տոմսերի արժեքն էլ սահմանված էր 8.000, 10.000, 15.000, 20.000, 25.000, 30.000, 5.0000, 80.000, 100.000, 120.000, 150.000 դրամ։ Համերգը չկայացավ։ Տոմս գնած քաղաքացիներից յուրաքանչյուրը կորցրել է 10 հազարից մինչև 160 հազար դրամ։
Համերգի կազմակերպիչ «Ֆորպոստարտ Պրոդաքշըն» ընկերության դեմ փոխհատուցման պահանջով ներկայացրած հայցը Արաբկիր-Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը բավարարել է դեռ 2017-ի ապրիլին։ Դատարանի որոշումից 2 տարի անց տոմս գնած քաղաքացիների գումարները չեն վերադարձվել։ 2017-ի մարտին Զարինե Մխեյանը հայտարարեց, որ «Ֆորպոստարտ Պրոդաքշն» ընկերությունը դադարեցնում է իր գործունեությունը Հայաստանում:
Փոխարենը ընկերության տնօրեն Զարինե Մխեյանը նոր ընկերություն է բացել ու զբաղվում է միջոցառումներ կազմակերպելով, մի բան էլ սրտնեղում է, որ իր բերած աստղերին հայաստանցի պաշտոնյաները չեն ընդունում։ Օրինակ, 2018-ի նոյեմբերի 25-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Ախթամար» սառույցի շոուի պրոդյուսերը հենց Զառա Մխեյանն էր։
Դատարանի ակտի մեջ նշվում է՝ վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին:
Հաշվի առնելով սա, Panorama.am-ը ԱՆ ԴԱՀԿ ծառայությունից հետաքրքրվեց, թե ինչու դատարանի որոշումից երկու տարի անցել էլ չի ապահովվել դատական ակտի կատարումը, նաև տեղեկացրեցինք, Մխեյանի գործունեության մասին։
ԴԱՀԿ մամուլի քարտուղար Մերի Հարությունյանի՝ գրավոր տրամադրած պատասխանի համաձայն, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնում պարտապաններ «Ֆորպոստարտ» ՍՊ ընկերության, «Շոուսթար» ՍՊ ընկերության և Զարինե Մխեյանի նկատմամաբ հարուցված են 120 վարչական վարույթներ՝ 2 մլն 277 հազար դրամ բռնագանձման ենթակա գումարով։
«Նշված կատարողական վարույթներով պարտապաններին պատկանող գույք և դրամական միջոցներ չեն հայտնաբերվել, և կատարողական վարույթներն ավարտվել են»,-հայտնում են ԴԱՀԿ-ից՝ միաժամանակ տեղեկացնելով, որ ծառայության Արաբկի և Քանաքեռ-Զեյթուն բաժին պարտապաններին սնանկ ճանաչվելու վերաբերյալ վճիռ մւոտք չի եղել։
«Միաժամանակ հայտնում եմ, որ Ձեր հարցման մեջ նշված տեղեկատվության հիման վրա պարտապան Զարինե Մխեյանի վերաբերյալ կատարողական վարույթը վերսկսել է և կատարողական գործողությունները շարունակվում են»,-Panorama.am-ին հայտնեց ԴԱՀԿ մամուլի խոսնակը։
Հարակից հրապարակումներ`
- Ռամազոտիի համերգի տոմսեր գնած քաղաքացիների գործով դատական նիստի օրը հայտնի է
- Ռամազոտիի համերգի տոմսեր գնած քաղաքացիները կդիմեն դատարան
- Ռամազոտիի համերգի տոմսեր գնած քաղաքացիների փոխհատուցումը կիրականացվի մայիսի 26-ից հուլիսի 26-ը
- Զառա Մխեյան. Ռամազոտիի համերգի չեղյալ լինելու դեպքում վնասները հատուցման պատասխանատվություն չենք կրում
- Զառա Մխեյան. Փորձում ենք փրկել Ռամազոտիի երևանյան համերգը