Լևոն Ջուլֆալակյանը պատմել է, թե ինչպես է կինն իրեն «ստիպել» ամուսնության առաջարկ անել
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանն իր ծննդյան 55-ամյակի առթիվ ՀԱՕԿ-ի հետ հարցազրույց է ունեցել։
«Միշտ էլ ես ինձ անհամեմատ երիտասարդ եմ զգացել:Իմ կարծիքով, այդպես էլ կա, որովհետև ընդհանրապես ես միշտ ակտիվ եմ, անընդհատ փորձում եմ տեղում չդոփել, անընդհատ առաջ ընթանալ, կենսուրախ եմ և սիրում եմ կյանքը: Մի խոսքով՝ միշտ երիտասարդ եմ ինձ զգացել և շարունակում եմ նույն ձևով էլ ապրել:Ես իմ անցած բոլոր տարիներից գոհ եմ՝ անկախ ամեն ինչից: Եղել են և ծանր օրեր, թշվառ օրեր, ինչ-որ տարբեր արհավիրքներ, պատերազմ…Մի խոսքով՝ ամեն ինչ եղել-անցել է: Ինչ խոսք, երբեք չէի ցանկանա, որ նման բաներ լինեին, բայց դա մեզանից չի կախված՝ բնությունը, Աստված է ստեղծել: Իմ ապրած բոլոր տարիներից ես գոհ եմ և շնորհակալ եմ իմ ընտանիքին, իմ շրջապատին, որ ես կարողացել եմ ապրել և ինչ- որ տեղ օգտակար լինել և՛ հասարակությանը, և՛ իմ ընտանիքին, և՛ իմ ազգին»,- իր խոսքում նշել է Լևոն Ջուլֆալակյանը:
- Ձեզ երջանիկ մարդ համարո՞ւմ եք:
- Այո:
- Իսկ Ձեր երջանկության գաղտնիքը կամ բանաձևը ո՞րն է:
- Առաջին հերթին` լինել ազնիվ մարդ, ստեղծել լավ ընտանիք, ունենալ լավ զավակներ, օգտակար լինել քո ազգին, ծառայել քո ազգին, քո տեսակով միշտ դրական լինել, որ հիմնականում շատերը փորձեն հասնել քեզ: Իմ կարծիքով, առաջնահերթ պետք է ստեղծել լավ ընտանիք, որը շատ կարևոր է քո ամբողջ կյանքի ընթացքում: Քեզ համար, կարելի է ասել, թիկունք է, հենարան է, նեղ պահերին հաստատ քո կողքին կանգնած է: Ամենաբարդ խնդիրը ճիշտ ընտանիք կազմելը և ճիշտ ընտանիք պահելն է: Շատերին թվում է, թե դա մանրուք է, բայց դա մանրուք չէ, դա շատ կարևոր կետ է մարդու ամբողջ կյանքի համար, այնպես որ, ես ինձ շատ երջանիկ եմ զգում:
- Շատ եք խոսում ճիշտ ընտանիքից: Ո՞րն է Ձեր իդեալական ընտանիքը:
- Դե, առաջնահերթ պետք է ընտանիքում սեր լինի, հարգանք լինի, եթե երկուսը միասին կան, ուրեմն հաստատ ավելորդ վեճեր չեն լինի ընտանիքում: Ամեն ինչ կարելի է հասարակ զրույցով կարգավորել միասին: Միասին ասելով` նկատի ունեմ ընտանիքի բոլոր անդամներին, ոչ թե միայն ամուսին և կին, այլ ընտանիքի բոլոր անդամները` և՛ զավակներ, և՛ հարսներ, և՛ թոռներ: Ուրիշ բան չեմ տեսնում, այլ գաղտնիք չկա: Եթե մարդիկ իրար հասկանում են, իրար սիրում են, իրար հարգում են, ուրեմն ամեն ինչ լավ կլինի:
- Ճի՞շտ է, որ Ձեզ տիկին Աիդան է ամուսնության առաջարկություն արել:
- (Խմբ. ծիծաղում է): Իրոք, այնպես էր ստացվել, որ անընդհատ հանդիպում էինք: Արդեն մի տարուց ավելի էր` տարբեր առիթներ էի փնտրում, որ ասեի: Ես վստահ եմ իմ քայլերում, երբեք չեմ տատանվում, բայց այդ հարցում ինչ-որ տեղ զգուշանում էի: Ի վերջո, Աիդան ասաց` ի՞նչ կա, անընդհատ հանդիպում ենք, ի՞նչ ունես ասելու, ասա՛, և ստացվեց, որ արդեն չէի կարող չխոստովանել, որ ուզում եմ ամուսնանալ, ընտանիք կազմել: (Խմբ. ծիծաղում է): Նա ինձանից պահանջեց, որ ես այդ առաջարկությունն անեմ:
Լևոն Ջուլֆալակյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա