Փաշինյանի ցուցումով հարուցված քրեական գործն ԱԱԾ-ն ուղարկել է Քննչական կոմիտե
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական ցուցումով հարուցված քրեական գործն Ազգային անվտանգության ծառայությունն ուղարկել է Քննչական կոմիտե։
Panorama.am-ին քննչական կոմիտեից հայտնեցին, որ իրենք դեռ գործը չեն ստացել, երբ կստանան, այն ժամանակ էլ կկարողանան տեղեկատվություն տրամադրել։
Հիշեցնենք, որ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով:Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի եւ մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության:Սա նոր Հայաստան է, և վարչապետի որեւէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»։
Քննադատություններից հետո, որ վարչապետի ցուցումով քրեական գործ հարուցել չի կարելի, Գյումրիում գտնվող Փաշինյանը մի պարզաբանում գրեց ֆեյսբուքում. «Հարգելիներս՝ ես ցուցում եմ տվել ստացված օպերատիվ տեղեկությանը օրենքով նախատեսված ընթացք տալու մասին, ինչի արդյունքում հարուցվել է քրգործ:Ցուցումը տվել եմ վարչապետին ենթակա մարմնին: Ամեն ինչ կարգին է, ամեն ինչ օրինական է: Շնորհակալ եմ ձեր մտահոգությունների համար»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի անմիջական ցուցումով հարուցված քրեական գործն ԱԱԾ-ում է
- Քրգործ հարուցելու ցուցում տալու լիազորություն վերապահվում է բացառապես դատախազին․ ՄԻՊ-ը՝ Փաշինյանի գրառման մասին