Պարենային մթերքների գնային ինդեքսը մարտին կայուն է եղել. ՊԳԿ
ՊԳԿ պարենային մթերքների գնային ինդեքսը մարտին կայուն է եղել, պայմանավորված նրանով, որ կաթնամթերքի գների աճը կոմպենսացվել է հացահատիկային մշակաբույսերի, բուսական յուղի և շաքարավազի գների անկմամբ: Այս մասին հայտնում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան գրասենյակից։
Ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, միջինը կազմել է 167 կետ, ինչը երկու կետով ցածր է փետրվարի և 3.6 տոկոսով 2018թ. մարտ ամսվա ցուցանիշներից:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը ամսվա ընթացքում աճել է 6.2 տոկոսով՝ արձանագրելով իր երրորդ հերթական ամսական աճը, ինչը պայմանավորված է կարագի, պանրի և չզտված կաթի փոշու ներկրման պահանջարկի աճով:
ՊԳԿ մսի գնային ինդեքսը նույնպես չնչին աճ է գրանցել, 0.4 տոկոս`փետրվարի համեմատ` պայմանավորված Չինաստանից խոզի, տավարի ե թռչնամսի ներմուծման պահանջարկի աճով:
Եվ հակառակը, ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը նվազել է 4.4 տոկոսով՝ պայմանավորված Ամերիկայի Միացյալ Նահանգներում սոյայի յուղի արտադրության ծավալների աճով, արմավենու յուղի ներկրման պահանջարկի նվազմամբ, ինչպես նաև Կանադայում հլածուկի պահուստների ավելացմամբ:
ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը նվազել է 2.2 տոկոսով, որը գլխավորապես պայմանավորված է ցորենի և եգիպտացորենի գների անկամբ, որն էլ իր հերթին՝ արտահանման համար նախատեսված մեծ քանակությամբ, ինչպես նաև հիմնական արտադրող երկրներում սպասվող բերքի նպատավոր հեռանկարով, մինչդեռ բրնձի միջազգային գները մարտին համեմատաբար կայուն էին:
ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը նվազել է 2.1տոկոսով, քանի որ արտադրող հիմնական երկրներում բերքատվությունն ավելի մեծ էր, քան ակնկալվում էր: Հնդկաստանում արտադրության վերջին գնահատումները ցույց են տալիս, որ 2018 թ. հոկտեմբերից մինչև 2019 թ. ընկած ժամանակահատվածում գրանցվել է տարեկան 8.0 տոկոս աճ և այժմ ակնկալվում է, որ այն նույնիսկ կգերազանցի Բրազիլիային, որը աշխարհի խոշորագույն շաքար արտադրողն է:
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից հրապարակել է նաև հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրության ծավալների նոր ցուցանիշները, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ: