Քաշաթաղում համալսարանականները 9600 ծառ են տնկել
Մեկնարկել է համալսարանականների եռօրյա այցը դեպի Արցախ, որի առաջին օրը նշանավորվել է Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում ԵՊՀ 100-ամյակի պուրակի հիմնադրմամբ:
ԵՊՀ մամուլի ծառայությունից հիշեցնում են, որ ավանդական դարձած ծառատունկն ունի երկար տարիների պատմություն։ Ամեն տարի այն նվիրվում է նշանակալի և պատմական որևէ կարևոր իրադարձության: Եվ պատահական չէ, որ այս անգամ, հիմք ընդունելով 100 տարի առաջ տեղի ունեցած պատմական կարևոր իրադարձությունը՝ համալսարանի հիմնադրումը, իրենց ձեռքերով հիմնադրած պուրակը նվիրեցին այդ կարևոր իրադարձությանը:
Բերձորյան նորաստեղծ պուրակի հիմնադրմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Քաշաթաղի շրջանի վարչական ղեկավարը, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ և ուսանողներ:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասաց, որ համալսարանականներն այս տարածաշրջանում՝ հայրենիքի այս անգին հատվածում, ավելի քան 9600 ծառ են տնկել:
«Սա մի գեղեցիկ ավանդույթ է, որի սկիզբը դրել է Գուրգեն Մելիքյանը: Մենք հպարտ ենք, որ մեր ծառերն ունենք այստեղ՝ մեր ձեռքով տնկած, որոնք զարդարում են այս ճանապարհը և բարիք տալիս Բերձորի մեր հայրենակիցներին: Ծառ տնկելը մեծագույն բարիք է, երջանկությու »,- ասել է Արամ Սիմոնյանը:
Բարի ավանդույթի համաձայն` ծառատունկը Լևոն-Զավեն Սյուրմելյանի հայտնի բանաստեղծության տողերով օրհնել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը. «Պատիվ է հայրենի հողը զարդարելը, քոչվորը երբեք չի զարդարում, նա կտրում է ծառը: Ոմանք մեր հայրենիքում քոչվորի նման են ապրում, որովհետև հատում են անտառը, իսկ դուք զարդարում եք հայոց հողը, որը հավիտենական է»:
Ավանդույթ դարձած ծառատունկին աջակցում է նաև «Գուրգեն Մելիքյան» հիմնադրամը` ի դեմս Գուրգեն Մելիքյանի:
Հարակից հրապարակումներ`
- Քաշաթաղի շրջանում և Քարվաճառում 25 տուն կկառուցվի
- Քաշաթաղի շրջանի ցանքատարածքներում սկսվել է ցորենի բերքահավաքը
- Քաշաթաղում մեկնարկել է բերքահավաքը
- Քաշաթաղի շրջանի Միջնավանն ու Քարեգահը բազմաբնակարան շենքեր կունենան
- Քաշաթաղում բնակելի նոր թաղամաս է բացվել