«Առաջին լրատվական». «Կանայք հանուն խաղաղության» և նմանատիպ այլ նախաձեռնություններ մի մազաչափ չեն փոխի Ադրբեջանի ագրեսիվ ռազմավարությունը
«Նման նախաձեռնություններ նախկինում էլ են եղել, բայց դրանք գործնականում որևէ արդյունք չեն ունենում։ Գուցե հրապարակային հարթակում դրանք ընդունված են, բայց անարդյունք են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի՝ ԱՄՆ-ում հնչեցրած նախաձեռնությանը։
«Միացյալ Նահանգներ կատարած այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը խոսել էր «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին՝ նախ երեքշաբթի ԱՄՆ-ի Կոնգրեսում կազմակերպված երեկոյի, ապա նաև «Կարնեգի» հիմնադրամում Վաշինգտոնի առաջատար փորձագետների հետ հանդիպման ընթացքում։ «Որպես կին և մայր՝ ես հավատացած եմ, որ առավել արժեքավոր բանն աշխարհում մարդկային կյանքն է: Հակամարտության ընթացքում բազմաթիվ երիտասարդներ են զոհվում: Մեր նախաձեռնության նպատակն է կանխել մարդկային կյանքերի կորուստը բոլոր կողմերից»,- նշել էր Հակոբյանը՝ հավելելով․ «Եթե կանայք միավորվեն և ասեն՝ մի սպանեք մեր երեխաներին, անկախ նրանց ազգությունից, եթե ասեն քաղաքական գործիչներին՝ փոխարենը ձեր ուժերը չափեք բանակցային սեղանի շուրջ, ապա նրանց ձայնը լսելի կլինի»:
Կայուն խաղաղության հաստատման համար կարևորագույն դեր է խաղում պետության ժողովրդավարացումը, նշում է Աննա Հակոբյանը, չէ՞ որ ժողովրդավարական պետությունները միմյանց դեմ չեն պատերազմում: Այդ ուղղությամբ ևս Հայաստանն իր քայլն արել է: «Հայ ազգը միավորվեց և մերժեց ղեկավարներին, որոնց մարդիկ այլևս չէին կարող դիմանալ և վստահել: Տարիներ շարունակվող կեղծիքի և խաբեության ժամանակն ավարտվեց, անհավասարությունն ու անարդարությունը, վատ կառավարումն ու մարդու իրավունքների խախտումները ավարտվեցին»,- նշել էր Աննա Հակոբյանը՝ հավելելով. «Թավշյա հեղափոխության ալիքն այնքան հզոր էր, որ անցավ Հայաստանի սահմաններն ու հասավ նույնիսկ Ադրբեջան, որտեղ վերջերս Իլհամ Ալիևը ազատ արձակեց մի շարք քաղբանտարկյալների։ Ավելին, ես տեսա նախագահ Իլհամ Ալիևի և իր տիկնոջ նկարները, որոնք զբոսնում էին Բաքվի փողոցներով, նկարվում մարդկանց հետ: Անշուշտ, որպես մի քաղաքական գործչի տիկին՝ ով հայտնի է մարդկանց հետ նկարվելով, ես կցանկանայի, որ դա մնար իր առանձնահատկությունը, սակայն, դա ամենաչնչին բանն է, ինչ ես պատրաստ եմ զոհաբերել հանուն խաղաղության»:
Հակոբյանի այս նախաձեռնությանն աջակցել էր նաև ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը։ Նա «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում հայտնել էր, որ աջակցում է Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը։ «Ամբողջ սրտով հավատում ենք խաղաղ գործընթացին կանանց և երիտասարդների մասնակցության կարևորությանը: Կանայք հակամարտության կարգավորմանը նոր հեռանկար են հաղորդում, և մենք աջակցում ենք կանանց ներգրավմանը խաղաղության հաստատման մեջ»:
«Նախաձեռնությունը, որի մասին խոսել է Աննա Հակոբյանը, ես միայն մեկ դիտարկում կարող եմ անել, որ լավ կլիներ, որ նման նախաձեռնությունները լինեին սիմետրիկ, սիմետրիկ բնույթ կրեին։ Բացի դրանից՝ կա մեկ խնդիր, որը ես կցանկանայի, որ ամեն տեղ ընդգծվեր, որ հայերը, Հայաստանի ժողովուրդը երբևէ պակաս չի ունեցել խաղաղության ձգտելու առումով։ Ճիշտ հակառակը, հայությունը իր պատմության մեջ միշտ բարգավաճել է իր խաղաղասիրության շնորհիվ»,- մեզ հետ զրույցում ասաց Ալավերդյանը՝ հավելելով, որ բոլոր նման կոչերը, նախաձեռնությունները, որոնց մասին բարձրաձայնվում է, դրանք պետք է ունենան գործնական արտահայտություն։ «Թե այդ դեպքում ինչն է գործնականը, ինձ համար դեռ պարզ չի»,- ընդգծեց Լարիսա Ալավերդյանը։
Մեր դիտարկմանը՝ տարբերություն չկա՞ նախկինի և ներկայի միջև, երբ անգամ պաշտոնական բանակցությունների ժամանակ խոսք է գնում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու, Ադրբեջանի ժողովրդին ձեռք մեկնելու մասին, տիկին Ալավերդյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ եթե այս բոլորը դիտարկվի զուտ որպես դիվանագիտական հնարք, դա ընդունելի է։ Բայց ես կրկնում եմ, որ կա արդյունավետության գործոն, որի մասով ես համոզմունք ունեմ, որ նման նախաձեռնությունները մի մազաչափ անգամ չեն փոխելու Ադրբեջանի հստակ ռազմավարությունը՝ ամբողջովին ոչնչացնել, դուրս հանել հայությանը տարածաշրջանից և միջազգային հանրության մեջ մտածողություն սերմանել, որ հայերը թշնամի են։ Կրկնում եմ, զուտ դիվանագիտական հնարքների տեսանկյունից կարելի է հասկանալ նման նախաձեռնությունների իմաստը, բայց դրանք չեն փոխի Ադրբեջանի ռազմավարությունը»։ Լարիսա Ալավերդյանը նաև հավելեց, որ դրա վառ ապացույցը հենց Աննա Հակոբյանի հայտարարությունից հետո Ադրբեջանի առաջին տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հայտարարությունն էր Ղարաբաղում Ադրբեջանի դրոշները ծածանելու մասով»,-գրված է սկզբնաղբյուր կայքում։