«Հրապարակ». Իշխանությունները ջինը բաց են թողել շշից՝ նախապես չճշտելով՝ սե՞ւ է, թե՞ սպիտակ այդ ջինը:
Քանի որ Նիկոլ Փաշինյանը սիրում է անընդհատ կրկնել, որ պետք չէ իրենց բարեկիրթ պահվածքը թուլության նշան համարել, մեր հերթական ֆեյքաբանությունը կամ մանիպուլյացիան հենց այդտեղից էլ կսկսենք:
Եվ, ուրեմն, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է ասֆալտին փռելուց, պատերին ծեփելուց եւ ծնոտին հարված հասցնելուց, մենք պարտավոր ենք նրա այդ հայտարարություններն ընդունել որպես մեծ ուժի նշան, քանի որ, երբ նա առավել քաղաքակիրթ հոգեբանական վիճակում է, դա ընկալում ենք որպես թուլության նշան: Ըստ երեւույթին, Փաշինյանի աշխատակազմում պետք է մեկը լինի, որ մեզ' լրագրողներիս եւ սոցիալական կայքերի օգտատերերիս, նախապես տեղեկացնի, թե ինչ տրամադրություն ունի այսօր վարչապետը, եւ ինչ է պետք գրել մեր թերթերում ու անձնական էջերում, որպեսզի նա չզայրանա կամ չափից ավելի չշոյվի: Բայց այս վիճակը երկար շարունակվել չի կարող, որովհետեւ մենք կկորցնենք մեր վարչապետին եւ նույնիսկ չենք էլ նկատի, թե դա երբ ու ինչպես պատահեց:
Տեղեկատվական տեխնոլոգիաների դարն այդ առումով շատ դաժան է, եւ մենք' լրագրողներս ու սոցկայքերի օգտատերերս, կարող ենք մի գեղեցիկ օր գրելու եւ քննարկելու շատ ավելի հետաքրքիր ու անշառ նյութ գտնել, քան մեր էկզոտիկ կառավարության գործերն են, որոնցից գլուխ հանելու համար մի բան էլ մեզ վտանգի ենք ենթարկում: Մելանյա Թրամփի վոյաժների ու լուսանկարների մասին ինչքան ուզում ես, գրիր, ով քեզ բան կասի:
Բայց հայաստանյան «մանիպուլյատորները», չգիտես ինչու, Աննա Հակոբյանի մասին են գրում:
Ախր, Աննա Հակոբյանն իր մասին այնքան է գրում, որ մենք կարող ենք իզուր տեղը «ոտատակ» չընկնել:
...
Հիմա մեր խմբագիրները փշերը ցցել, ձեռուոտ են ընկել, մտածում են' սա որ կոռուպցիան ու անօրինականությունը վերացրեց, մեր թերթերն ու կայքերն էլ «կվերացնի»: Իսկապես, երբ թացն ու չորը խառնված են իրար, անհանգստությունը մեծ է լինում: Էլ չասեմ, թե ֆեյսբուքում ինչ է կատարվում, ինչ իրարանցում է:
Ֆեյքերը բաժանվել են երկու բանակի' սեւերի եւ սպիտակների, կոտորում են միմյանց: Հարցն իսկապես հասել է ազգային անվտանգության մակարդակի, պարզաբանումների կարիք կա արդեն: Փաշինյանն իր ալիքներով փորձում է վիճակը շտկել, հասկացնել, թե խոսքը հիմնականում քոչարյանական լրատվամիջոցների ու այդ շրջանակից ֆինանսավորվող հատուկ ֆեյքերի մասին է, բայց դա էլ չի օգնում: Սոցիալական ցանցերը լիքն են «Հայկական ժամանակ» թերթից մեջբերված լուրերով, նա- խորդ իշխանություններին ուղղված անհիմն մեղադրանքներով: Խոսվում է արդեն թավշյա, ոչ բռնի ժողովրդական ֆեյք հեղափոխության մասին: Ի լրումն այս ամենի' տասնապատիկ ծաղկեցված ներկայացվում են նաեւ օրվա իշխանության ստերը, պոպուլիզմը, անճարակությունը եւ մնացած թերությունները, որոնք Փաշինյանը խնամքով թաքցնում է կառավարական լրատվությամբ եւ մանիպուլյացիաներով:
Իշխանությունները ջինը բաց են թողել շշից՝ նախապես չճշտելով՝ սե՞ւ է, թե՞ սպիտակ այդ ջինը: Մեր իրականությունը, որ արդեն իսկ խեղված էր, մեկ օրում ավելի է խեղվել, մինչդեռ կառավարությունից պահանջվում էր մի հասարակ բան' Ֆեյսբուքի փոխարեն մամուլ կարդալ, աշխատել լրատվամիջոցների հետ' իր խոսքն առաջ տանելու համար: Հասկացանք, հեղափոխությանը նպաստել էին նաեւ սոցցանցերը, բայց պետք չէր ինքնամոռաց տրվել սոցիալական ցանցեր նետված սեփական գրառումների հմայքներին: Այո, մարդն ունի այդպիսի հատկություն' սոցցանցում ասել այն, ինչ մտածում է քո մասին: Եվ հիմա, երբ սոցցանցերում աննախադեպ շատ են քննադատողները, եւ արդեն սոցցանցերն են սպառնում տապալել հեղափոխությունը, ինչ է, պետք է ֆեյք ասել ու բռնել բոլորին: Իսկ ու՞ր մնաց թավշյա էությունդ:
Թրամփն էլ էր ֆեյք լրատվության դեմ պայքարում ընտրվելու առաջին տարիներին, բայց նա այնքան խելացի գտնվեց, որ այդ պայքարը տարավ լրատվամիջոցների հետ երկխոսության, իր տեսակետների ճշմարտացիությունն ապացուցելու, հաստատելու ճանապարհով: Պատկերացնու՞մ եք, որ Թրամփն իր անվտանգության ծառայություններին հրահանգեր' բռնել ֆեյք լուրեր տարածողներին... Ուրեմն ստացվում է, որ Հայաստանը գյուղ տեղ է, ուր կարելի է ոչինչ չանել, պոպուլիզմով զբաղվել ու կառավարության նիստերին հաթաթա տալ' կբռնեմ, կփակեմ, ծնոտին կտամ, ով իմ մասին վատ- վատ բաներ գրի:
Էդիկ Անդրեասյան