Ազգային Պատկերասրահ. Թանկարժեք կտավներ անհետանալու լուրը չի համապատասխանում իրականությանը
Հայաստանի ազգային պատկերասրահն արձագանքել է Գլխավոր դատախազության հայտարարությանը, ըստ որի Ազգային պատկերասրահից 120մլն ՀՀ դրամ արժեքով մշակութային արժեքների անհայտացման փաստ է հայտնաբերվել։
Պատկերասրահից հայտնում են.
«Նախորդ օրը մամուլում և հեռուստաընկերություններում տեղ գտած և մեծ աղմուկ բարձրացրած հրապարակումներն այն մասին, որ իբրև թե Հայաստանի ազգային պատկերասրահից թանկարժեք կտավներ են անհետացել, չի համապատասխանում իրականությանը:
Հրապարակումներում տեղ գտած տեղեկատվությունը վերաբերում է «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ–ին, որը 2016 թվականին լուծարվել և միացվել է Հայաստանի ազգային պատկերասրահին: Նախկին «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ–ի ֆոնդերի փաստացի առկայության ստուգման և հաշվառման աշխատանքներն ընթացքի մեջ են: Փաստացի առկայության ստուգման ընթացքում հայտնաբերված բացակայող առարկաների մասին Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրինությունը տեղեկացրել է վերադաս լիազոր և իրավապահ մարմիններին, ինչի հիման վրա էլ հարուցվել է քրեական գործ:
Հարգելի լրագրողներ որևէ նյութ հրապարակելիս խնդրում ենք չգայթակղվել սենսացիոն վերնագրեր օգտագործելու հնարավորությունից, ցուցաբերել մասնագիտական բարձր ունակություններ, չզբաղվել զազրախոսությամբ և զերծ մնալ Հայաստանի Մայր թանգարանի՝ Հայաստանի ազգային պատկերասրահի, անունն անհարկի շահարկելուց ու չփորձել մոլորեցնել մեր հասարակությանը»։
Հիշեցնենք, որ երեկ դատախազությունը հայտարարել էր.«ՀՀ գլխավոր դատախազության պահանջով իրականացված 2018-2019թթ. «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում թանգարանային առարկաների առկայության ստուգման արդյունքում պարզվել է, որ բացակայում են 626 անուն մշակութային արժեքներ՝ գեղանկարներ, գոբելեններ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ և այլն՝ 120.250.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: Դրանց թվում են նաև կարևոր գեղարվեստական արժեք ներկայացնող 2 գեղանկարներ՝ Մարտիրոս Սարյանի վրձնին պատկանող 60.000.000 ՀՀ դրամ արժեքով «Հայֆիլհարմոնիայի դահլիճ» գեղանկարը և Հ. Զարդարյանի վրձնին պատկանող 2.000.000 ՀՀ դրամ արժեքով «Վերածնունդ» գեղանկարը»։
Հարակից հրապարակումներ`
- Ազգային պատկերասրահից 120մլն ՀՀ դրամ արժեքով մշակութային արժեքների անհայտացման փաստ է հայտնաբերվել
- ԱԱԾ-ն բազմիցս եկել է, ստուգել. Ազգային պատկերասրահի տնօրեն