«Մեծամոր»-ի արգելոցը նկարահանելու շուրջ առաջացած վեճը կհասնի դատարան
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը պատրաստվում է պատվի, արժանապատվության հայցով դիմել դատարան:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից մանրամասնում են, որ նա պահանջում է պատժել հրապարակախոս Ալեքսանդր Վարպետյանին՝ ՖԲ սոցիալական ցանցով իր հասցեին հրապարակային վիրավորանք ու զրպարտություն տարածելու համար:
ՊՈԱԿ-ից նաև մանրամասնում են, թե ինչպես է առջացել վեճը։ Ալ. Վարպետյանը և նրան ուղեկցող անձինք ապրիլի 4-ին «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Թարվերդյանի հետ հանդիպման ընթացքում հայտնել են, որ ցանկանում են նկարահանում իրականացնել «Մեծամոր» արգելոց-թանգարանի տարածքում: Ալ. Վարպետյանը զրույցի ընթացքում անընդհատ պոռթկացել ու ոչ ադեկվատ պահվածք է դրսևորել:
Չնայած Վարպետյանի բորբոքված պահվածքին, ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Թարվերդյանը չի առարկել ստեղծագործական խմբի նախաձեռնությանը, միայն տեղեկացրել է, որ սահմանված կարգի համաձայն, տեսանկարահանման համար պետք է պայմանագիր կնքվի՝ վճարում կատարվի: Ալ. Վարպետյանը բավականին կոպիտ ու բուռն է արձագանքել ասվածին և սկսել է բարձրաձայն բղավել, անհասկանալի վիրավորանքներ հասցնել:
Իրավիճակը չսրելու նպատակով Վարպետյանի գործընկերները նրան դուրս են հրավիրել ՊՈԱԿ-ի տնօրենի աշխատասենյակից: Ոչ ադեկվատ պահվածքը և անպատիվ խոսքերը Ալ. Վարպետյանը շարունակել է հնչեցնել կազմակերպության միջանցքում, ինչին ականատես են եղել շատերը։
«Ինչ վերաբերում է զրպարտանքներին, թե իբր Մեծամորը բացիթողի վիճակում է, աստղադիտարանն էլ՝ ավերված է, ապա առաջարկում և խնդրում ենք, ովքեր ցանկանում են և իրոք մտահոգ են մեր մշակութային ժառանգության պահպանությամբ կարող եք խումբ ստեղծել և միասին գնանք Մեծամոր՝ տեղում ծանոթանալու հուշարձանի վիճակին»,- նշում է ՊՈԱԿ-ի տնօրենը: