Երկրապահը կարող է և պարտավոր է վերադառնալ իր ակունքներին. Սասուն Միքայելյան
Մեկնարկել է Երկրապահ կամավորականների միության 12-րդ արտահերթ համագումարը, որի ընթացքում ընտրվելու է վարչության կազմն ու ԵԿՄ նախագահը։
Համագումարին մասնակցում են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ազատամարտիկներ և հյուրեր։
ԵԿՄ համագումարի ժամանակ հայտարարվեց, որ մարզային տարածքային կազմակերպությունների ղեկավարների, ինչպես նաև ազատամարտիկ հրամանատարների հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի թեկնածությունը:
ԵԿՄ արտահերթ 12-րդ համագումարը հայտարարվեց նաև վերամիավորման համագումար։
Սասուն Միքայելյանը իր խոսքում ներկայացրեց իր պատկերացումները կազմակերպության հետագա գործունեության վերաբերյալ։ Նա նշեց, որ ԵԿՄ ստեղծումն իր հիմքում ունեցել է մեկ հիմնական նպատակ՝ ապահովել միասնականությունը ռազմի դաշտում, միավորել բոլոր կամավորական ջոկատներին մեկ միասնական գաղափարի շուրջ: Սակայն, ըստ նրա, 1999 թ-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը հաջորդած 19 տարիների ընթացքում, իշխանություններին հաջողվել է քայլ առ քայլ պառակտել ԵԿՄ-ն, ստեղծել բազմաթիվ միավորումներ, դրանք հանել միմյանց դեմ, ներքաշել կեղտոտ քաղաքական խարդավանքների մեջ:
«Ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ ամեն ինչ դեռ կորած չէ, որ մենք հարկ եղած դեպքում ի վիճակի ենք բռունցքվելու և մեր հավաքական կամքը թելադրելու թշնամուն», - ասաց Սասուն Միքայելյանը։
Նրա խոսքով՝ Երկրապահը կարող է և պարտավոր է վերադառնալ իր ակունքներին, վերականգնել իր տեղն ու դերը հայոց բանակի հզորացման, պետականության ամրապնդման, Արցախի անվտանգության ապահովման և համազգային նպատակների իրականացման գործում:
«Դա է այսօրվա մեր հրամայականը, դա է մեր սուրբ պարտականությունը մեր նահատակված ընկերների առաջ, դա է ԵԿՄ հավերժ նախագահ, սպարապետ Վազգեն Սարգսյանի պատգամը մեզ»,- նշեց Սասուն Միքայելյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան