Ոչ աշխատանքային օրերն արդեն իսկ շատ են. Զեյնալյան
Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Տոների և հիշատակների օրերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ նախագծով առաջարկվում է նշել ՀՀ քաղաքացու օր ապրիլի վերջին շաբաթ օրը, իսկ եթե մայիսի 1-ը համընկնի շաբաթ օրվա հետ, կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը։
«Այս օրը որպես տոն նշելու նախաձեռնությունը պայմանավորված է նրանով, որ տասնամյակներ շարունակ ՀՀ ժողովուրդը չի կարողացել ձևավորել լեգիտիմ գործադիր և օրենսդիր իշխանություն։ 2018-ի ապրիլին ժողովուրդը կարողացավ իրականացնել հեղափոխություն՝ քաղաքագիտական որևէ բանաձևի մեջ չտեղավորվող»,- ասաց նա։
Զեյնալյանի խոսքով՝ որպեսզի խնդիր չառաջանա ավելացնելու ոչ աշխատանքային օրը, կառավարությունը որոշել է այն չֆիքսել կոնկրետ օր։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը նշեց, որ կողմ է քվեարկելու օրենքին նախագծին, բայց այնուամենայնիվ մեկ նկատառում ունի. «Չե՞ք կարծում, որ սա ժամանակավոր լուծում է, և պետք է վերցնել որոշակի օր, որոշակի իրադարձություն, որ տեղի է ունեցել այս ընթացքում։ Տպավորություն է ստեղծվում, որ մենք խուսափում ենք կոնկրետ օր վերցնելուց: Անցյալ տարվա ապրիլի 23-ը իրոք համահայկական տոնախմբություն էր։ Չե՞ք կարծում, որ ապագայում սա կարելի է նաև ոչ աշխատանքային օր դարձնել»։
Հիմնական զեկուցողը պատասխանեց, որ այդ օրերին յուրաքանչյուր օր կարևոր էր ու ամեն օր էլ քաղաքացին դրսևորում էր իր իշխանությունը։
«Մենք կոնկրետ օրվա հետ որոշել ենք չկապել։ Կառավարությունը գտնում է, որ ոչ աշխատանքային օրերն արդեն իսկ շատ են, այսքան շատ ոչ աշխատանքային օր ունենալը խոչընդոտում է մեր արագ զարգացմանը»։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ ասաց. «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը սկզբունքորեն կողմ է Հայաստանում ՀՀ քաղաքացու օր ամրագրելուն, բայց մի փոքր անհասկանալի է, որ այս նախագիծը հրատապ ռեժիմով է բերվում խորհրդարան։ Այդքան կարևոր հա՞րց էր, որ անդրադառնանք հրատապ ռեժիմով, 24 ժամվա ընթացքում էլ երկրորդ ընթերցում ապահովենք։ Մենք սկզբունքորեն դեմ չենք, բայց կարծում ենք, որ քաղաքացու օրը պետք է լինի տարվա 365 օրը։ Հայաստանում քաղաքացին ամեն օր պետք է իրեն զգա գնահատված ու պաշտպանված, հարգված ու ապահովված։ Մի օր գտնել ու հայտարարել քաղաքացու օր և քաղաքացին այդ օրը իրեն ծափ տա, երևի թե ավելորդ հույս ենք պահպանում», - նշեց նա։
Պատգամավորի կարծիքով՝ ավելի ուշադիր լինելու դեպքում ավելի հիշարժան օրեր կան. «Օրինակ մեր խմբակցության պատգամավորներին, անձամբ նաև ինձ, անհրաժեշտության դեպքում կարող եմ նաև գրավոր ապացույցը ներկայացնել, դիմել են բազմաթիվ քաղաքացիներ՝ խնդրել են միջնորդություն ներկայացնել ապրիլի 2-ը հիշատակի օր ճանաչելու համար»։
Պետրոսյանը կառավարությանը խորհուրդ տվեց ավելի ուշադիր լինել։
Հարակից հրապարակումներ`
- Կողմ չեմ, որ ամբողջ աշխարհում «Անասնաբույժի օրը» մեզ մոտ նշվի որպես «Քաղաքացու օր». Պիպոյան
- Փաշինյան. Քաղաքացու օրվա հետ կապված քննադատություն կա, հա՞
- Ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես ՀՀ քաղաքացու օր