«ԱԺ ամբիոնը պիտի օրհնվի». բողոքի ակցիա Խորհրդարանի դիմաց
ՀՀ Ազգային ժողովի դարպասների մոտ բողոքի ակցիա է։ Հավաքվածները բողոքում են, որ օրեր առաջ խորհրդարանում լսումների ժամանակ թույլ են տվել ամբիոնից ելույթ ունենա տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը։
«Մեզ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ թույլ չեն տալիս մեր ակցիան ԱԺ դարպասներից ներս անցկացնել, մեր ակցիան օրինական է, բացարձակապես խաղաղ է, ուղղված չէ ոչ մի քաղաքական ուժի, ոչ մի անհատի դեմ, բխում է ՀՀ պետականության ու ժողովրդի շահերից և տարածք ենք ուզում, որպեսզի կարողանանք իրականացնել մեր ակցիան»,- լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Ակցիային ներկա քահանա Տեր ղազար Պետրոսյանը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ ԱԺ դարպասների մոտ հանդիպմանն ասաց. «Օրեր առաջ տեսանք, որ սրբապիղծ մարդիկ հասել են խորհրդարանի ամբիոնին, որը հայ ազգի գլխավոր ամբիոնն է, մենք այսօր այստեղ ենք, որպեսզի այս այլանդակության դեմն առնենք, և քանի որ այս կառույցը ղեկավարում է Արարատ Միրզոյանը, թող գա և մեզ պատասխան տա: Մենք երկու պահանջ ունենք՝ մեկը, որ օրհնության կարգ կատարենք ԱԺ դահլիճում, երկրորդը, որ սոդոմականությունը հանցագործություն է և քրեական օրենսգրքով պետք է պատասխանի»։
ԱԺ փոխխոսնակը նշեց, որ դա ԱԺ նիստ չի եղել, այլ լսումներ։ Ինչ վերաբերում է խնկարկելուն՝ Սիմոնյանն ասաց. «Հատուկ ընթացակարգ գոյություն ունի, ես դա կքննարկեմ, երբ որ հարմար կլինի»։
Ակցիայի մասնակիցները նշում են, որ այն հասունացնելու են մինչև նստացույցի։
Ակցիայի մասնակիցների մեջ է նաև ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը։
Քահանան ժողովրդին կոչ արեց մտնել խոհրհրդարանի շենք, սակայն տարածքը հսկող ոստիկանն ասաց, որ չի թույլատրվում։
Դրանից հետո քահանան ասաց. «Ալեն Սիմոյանն էլ իրավունք չունի մտնել այդ շենք ուրեմն։ Սիմոնյան հեռացիր, Ալեն հեռացիր։ Մենք դեմ ենք Ալենին»։
Հարակից հրապարակումներ`
- Տրանսգենդերի ելույթը փոթորկել է պատգամավորներին
- Տրանսգենդերին ԱԺ հրավիրելու հարցը վեճի առարկա դարձավ նաև այսօրվա արտահերթում
- «Իմ քայլ»-ի պատգամավորն ասում է՝ տրանսգենդերին ինքն ԱԺ չի հրավիրել