Խարբերդի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին վերականգնելու կոչ է հնչել
Թուրքիայի արևելյան Էլազըղ (պատմ. Խարբերդ) նահանգի Շահինքայա գյուղում գտնվող Սուրբ Գևորգ հայկական վանական համալիրը կործանման եզրին է: Այս մասին տեղեկանում ենք ermenihaber-ից։
Հայտնի է, որ մոտ 1500 տարվա պատմություն ունեցող Սուրբ Գևորգ վանական համալիրը երիտթուրքերի ժամանակաշրջանից մինչ օրս պարբերաբար ենթարկվել է գանձագողերի հարձակումներին ու ավերածություններին:
Թուրքական աղբյուրն անդրադարձ է կատարել այս թեմային և ընդգծել, որ եկեղեցին հատկապես վերջին տարիներին գանձագողերի ավերածությունների թիրախ է դարձել:
Մասնագետները ցանկանում են վերականգնել պատմական հայկական եկեղեցին և այն դարձնել զբոսաշրջության կենտրոն:
Ֆըրաթ համալսարանի պատմության ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Յուքսել Ասլանթաշը նշել է, որ նմանատիպ կառույցները պետք է վերականգնվեն:
«Այստեղ հայկական եկեղեցի է: Այն շահավետ է զբոսաշրջության տեսանկյունից: Կարող է որպես թանգարան և հնագիտական պուրակ շահագործվել»,- ասել է Ասլանթաշը:
Մասնագետի խոսքով` Սուրբ Գևորգ եկեղեցին կարող է վերականգնվել այնպես, ինչպես նախատեսված էր վերականգնել Խարբերդի Քըզըլ (թուրքերենից թարգմանաբար` կարմիր) եկեղեցին:
Ասլանթաշը հայտնել է. «Քաղաքներն արդեն զբոսաշրջության առումով մշակույթ, սնունդ և երաժշտություն են վաճառում: Եթե կատարվեն անհրաժեշտ աշխատանքները, ապա կարծում եմ դա մեծ ներդրում կլինի մեր նահանգի տնտեսության մեջ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան