ՀԺ. «Մեր օրենսդրությունում չկա որևէ սահմանում, թե ինչ ասել է մանիպուլյացիա». քննարկում ֆեյքերի դեմ պայքարը թեմայով
«Հայկական Ժամանակ»-ում կարդում ենք. «Յուրաքանչյուր ոք ունի անանուն կամ կեղծանունով հանդես գալու իրավունք, հիշենք մեր մեծ գրողներին՝ Չարենցին, Տերյանին, Բակունցին, սակայն վարչապետի բանավոր հանձնարարականը վերաբերում էր ֆեյքերի կողմից մանիպուլյացիոն բնույթի տեղեկատվություն հրապարակելուն: Այս մասին այսօր տեղի ունեցած «Ֆեյքերի դեմ պայքար եւ փաստաթղթերի արտահոսք. տեղեկատվության ազատության ու պետական անվտանգության սահմանները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր եւ տնօրեն Շուշան Դոյդոյանը:
«Ցավում եմ, բայց մեր օրենսդրությունում չկա որեւէ սահմանում, թե ինչ ասել է մանիպուլյացիա եւ սա մեծ հնարավորություն է տալիս սուբյեկտիվ մեկնաբանման: Հնարավոր է՝ այս հասկացությունը խիստ սուբյեկտիվ մեկնաբանվի ԱԱԾ-ի կողմից»,- ասաց Դոյդոյանը:
«Քանի որ հանձնարարականը լայն բնույթ է կրում, դա մեր մտահոգությունն է առաջացնում: Մանիպուլյացիան շատ սուբյեկտիվ եւ շատ լայն դաշտ ունեցող բան է: Կարող է հասարակ սխալմունքը նույնպես մանիպուլյացիայի տպավորություն ստեղծել»,- այս մասին ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
«Շատ հնարավոր է, որ արվեն հանցակազմ պարունակող հայտարարություններ, սակայն իրավապահներն առանց որեւէ հանձանարարականի էլ պետք է զբաղվեն իրենց գործով»,- նման տեսակետ հայտնեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադիր եւ ղեկավար Լեւոն Բարսեղյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի այն հայտարարությանը, որ պետք է զբաղվել ֆեյքերով, ովքեր մանիպուլյացիաներ են անում:
Բարսեղյանի խոսքով՝ գործող օրենսդրությամբ ատելության խոսքը հստակ սահմանված չէ:
Փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը տեսակետ հայտնեց, որ կարելի էր այլ մեթոդներ կիրառել եւ ոչ թե նման կոպիտ ձեւով մտնել այս դաշտ. «Կարծում եմ՝ այս նախաձեռնությունն առաջ չի գնա»,- նշեց Ղազարյանը: Ղազարյանի խոսքով՝ ԱԱԾ-ն չպետք է այդ դաշտ մտնի. «Եթե ԱԱԾ-ն քրեական հետապնդում իրականացնի, հանրային վերահսկողությունը չի աշխատի, քանի որ ԱԱԾ-ն գաղտնի կառույց է»:
«ԱԱԾ-ն առանց այդ էլ բավականին շատ գործառույթ ունի եւ զբաղված է դրանով: Սրանով պետք է զբաղվի Կառավարությանն առընթեր տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի ՊՈԱԿ-ը: Էլ չեմ ասում, որ մանիպուլյացիաների դեմ ու դրանց հակազդեցությամբ զբաղվելու համար պետական համակարգում բազմաթիվ այլ կառույցներ կան»,- ասաց Աշոտ Մելիքյանը: Մելիքյանի խոսքով՝ վարչապետի հանձնարարականը վերաբերում է միայն օրենքով նախատեսված դեպքերին, երբ ազգային, ռասսայական խտրականություն կամ վիրավորանք է պարունակում հրապարակումը:
Շուշան Դոյդոյանը նշեց, որ երկրներ կան, որոնք ֆեյքերի եւ ապատեղեկատվության դեմ որոշ իրավական ակտեր են ընդունել, սակայն դրանք ընտրությունների ժամանակաշրջանում են կիրառվում: «Օրինակ Կանադան միայն այս տարի 7 մլն դոլար է տրամադրել հասարակության մեդիագրագիտությունը բարձրացնելու վրա: Դա չի վերաբերում միայն վստահելի աղբյուրը անվստահելիից տարբերելուն, դա վերաբերում է նաեւ նրան, որ պետք է մարդուն հասկացնել, սովորեցնել, որ ազատ խոսքի իրավունքը ենթադրում է նաեւ քո պատասխանատվությունը՝ հարգելու դիմացինի պատիվը եւ արժանապատվությունը»,- ասաց Դոյդոյանը:
Աշոտ Մելիքյանը նշեց, որ մանիպուլյացիան մնում է մանիպուլյացիա, անկախ նրանից՝ իշխանության, թե ընդդիմության կողմից է դա լինում:
«Մենք շատ լավ գիտենք, որ յուրաքանաչյուր քաղաքական ուժ ստեղծել է իր ֆեյքերի բրիգադները, ֆինանսավորում է դրանց, դրանք իրենց քաղաքական շահերն են սպասարկում: Ոչ իշխանությունը թող ընդդիմությանը ասի քաչալ, ոչ էլ ընդդիմությունը իշխանությանը՝ թոփալ»,- ասաց Մելիքյանը»: