Տրանսգենդերին ԱԺ հրավիրելու հարցը վեճի առարկա դարձավ նաև այսօրվա արտահերթում
Ազգային ժողովի արտահերթ նիստում «Տոների և հիշատակների օրերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն ամբիոնին մոտենալով՝ նշեց, որ եկել է օրակարգից դուրս ելույթ ունենալու, քանզի, իր խոսքով, ճշմարտությունը վեր է օրակարգից։
«Խոսելու եմ ապրիլի 5-ի խորհրդարանական լսումներից՝ նվիրված մարդու իրավունքներին: Տեղեկացա, որ խորհրդարանի միջանցքում տիկին Զոհրաբյանն է իմ անունը, իր խոսքերով, գաղտագողի ելույթներ ծրագրող։ Անհերքելի է, որ խորհրդարանական լսումները բաց են եղել տիկին Զոհրաբյանի ղեկավարած հանձնաժողովի քարտուղարության հեռախոսահամարով գրանցված բոլոր ՀԿ-ների համար, և ես ոչ մի ելույթ չեմ դասավորել ոչ մեկի համար։ Բայց սրանով տիկին Զոհրաբյանի տարածած ստերի շրջանակը չի սպառվում։ Տիկին Զոհրաբյանը ստում է, երբ ասում է, թե մեր հանձնաժողովը հստակ թեմաներ է սահմանել լսումների օրակարգի համար։ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի՝ մարտի 11-ի նիստում հաստատվել է մի օրակարգ, որտեղ թեմաներ չկան։ Հաստատված առանց հստակ թեմաների օրակարգը տեղադրվել է ԱԺ կայքում, բայց լսումներից օրեր առաջ օրակարգը ԱԺ կայքից անհետացավ։ Լսումներից տառացիորեն երկու օր առաջ հանձնաժողովի անդամներին ուղարկվեց նոր օրակարգ, որտեղ հայտնվել էին թեմաներ` առանց հանձնաժողովի անդամների հաստատման։ Կայքը չթարմացվեց նոր, թեմատիկ օրակարգով։ Հենց ստացա առանց իմ և հանձնաժողովի մյուս անդամների համաձայնության փոխված թեմատիկ օրակարգը, այցելեցի հանձնաժաղովի քարտուղարություն և հորդորեցի լսումների համար գրանցված ՀԿ-ներին նոր օրակարգը ուղարկել, ինչը չարվեց։ Տիկին Զոհրաբյանը ստում է՝ ասելով, թե հասարակական կազմակերպություններին հորդորվել է գրանցվել միայն այն պարագայում, եթե նրանք օրակարգի թեմաներին առնչվող ելույթներ պետք է ունենան։ Սա սուտ է, քանի որ ինչպես արդեն ասացի, գրանցման պահին թեմաներ պարզապես չկային։ Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները առաջին անգամ օրակարգը տեսել են այստեղ՝ ԱԺ նիստերի դահլիճում։ Խորհրդարանական լսումներում ես միայն մեկ ելույթ էի ծրագրել, այն էլ՝ իմը։ Տիկին Զոհրաբյանին խնդրել էի լսումների փակմանը եզրափակիչ ելույթ տրամադրել ինձ, բայց քանի որ նա չգիտի առերեսվել ճգնաժամային իրադրությունների հետ և կորցնում է ինքնատիրապետումը, նա այդ ելույթը չտրամադրեց»,- ասաց պատգամավորը։
Սրան հաջորդեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ելությը։
«Տիկին Զոհրաբյանը իրեն պահել է շատ կոռեկտ և ելույթ չի ընդհատել: Հիմա ձեզ համար դուրեկան կլինի՞, որ ասեմ, թե «ինչու է աղմկում գետը» կամ «ինչ են հուշում աստղերը»: Օրակարգը լրիվ ուրիշ բանի մասին է, դուք այստեղ այլ թեմա եք զարգացնում։ Այո, ԲՀԿ-ն մեր ղեկավարի գլխավորությամբ, եղել և մնում է ավանդական արժեհամակարգը պաշտպանող ուժ։ Ուրեմն ազնիվ չեք եղել ձեր նախընտրական խոստումներում, ժողովրդին ասեիք, որ ստեղ եք գալիս Աժ ամբիոնը տրանսգենդերի ելույթին տրամադրելու: Այսօր դարձել եք քաղաքական մեծամասնություն, հետին թվով դարձել եք մարդու իրավունքների պաշտպանության ջատագո՞վ։ Եվ եթե կազմակերպված չէր այդ ելույթը, ինչո՞վ էին պայմանավորված այդ ծափողջույնները»,- ասաց Պետրոսյանը։
Նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին էլ հորդորեց թույլ չտալ օրակարգից դուրս ելույթներ ունենալ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին