Տրանսգենդերի ելույթը փոթորկել է պատգամավորներին
«Նաիրա Զոհրաբյանը՝ որպես մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ, իրեն ճիշտ է պահել՝ թույլ տալով մարդուն օրակարգից դուրս հարցի մասին խոսել»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն՝ անդրադառնալով մարդու իրավունքներին նվիրված լսումների ժամանակ ԱԺ ամբիոնից տրանսգենդերի ելույթին:
Նրա խոսքով՝ Նաիրա Զոհրաբյանն ուրիշ կերպ չէր կարող իրեն պահել. «Եթե պահեր, մեր կողքին չէր լինի», - ասաց նա:
«Որպես Գագիկ Ծառուկյան, որպես ԲՀԿ ղեկավար, որպես հայ ընտանիքի հայր՝ ադաթով, դաստիրակությամբ, հավատով, եկեղեցիով, դա մեր համար անընդունելի է: Դա արատ է, և ոնց որ եղել է արատը թաքուն պահել, պետք է պահենք, և մենք թույլ չենք տալու, որ դա տարածվի կամ օրինական ուժ ստանա», - ասաց Գագիկ Ծառուկյանը:
Դիտարկմանը, թե նրանք պարտավոր են պաշտպանել իրենց իրավունքները, խմբակցության ղեկավարը նշեց, որ յուրաքաչյուրը կարող է պաշտպանել իր իրավունքները, բայց նա բացառեց, որ ԲՀԿ-ն այս տեսանկյունից օրենսդրության մեջ փոփոխություններին կողմ կլինի. «Ամեն մարդ էլ կարող է, եթե խնդիր ունեն, թող դիմեն իրավապահների, բայց նոր օրենք ընդունելը իմ կուսակցության կողմից բացառվում է»:
Ծառուկյանը նաև ընդգծեց, որ Նաիրա Զոհրաբյանը՝ որպես մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ ճիշտ վարքագիծ է դրսևորել՝ թույլ տալով մարդուն օրակարգից դուրս հարցի մասին խոսել:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը Panorama.am-ի հետ զրույցում հերքել էր տարածված տեղեկությունները, որոնց համաձայն՝ ինքն է հրավիրել տրանսգենդերին Ազգային Ժողով։ Սակայն խոսակցությունները շարունակվում են, թե հենց Մարիա Կարապետյանն է ԱԺ բերել այդ անձնավորությանը: Այսօր էլ արձագանքելով այդ լուրերին՝ ԱԺ ամբիոնից Մարիա Կարապետյանը Նաիրա Զոհրաբյանին մեղադրեց սուտ խոսելու մեջ։ Դրան հաջորդեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ելույթը: Վերջինս նշեց, որ Նաիրա Զոհրաբյանը իրեն պահել է շատ կոռեկտ և ելույթ չի ընդհատել: «Այսօր դարձել եք քաղաքական մեծամասնություն, հետին թվով դարձել եք մարդու իրավունքների պաշտպանության ջատագո՞վ։ Եվ եթե կազմակերպված չէր այդ ելույթը, ինչո՞վ էին պայմանավորված այդ ծափողջույնները»,- ասել էր Գևորգ Պետրոսյանը։
Նաիրա Զոհրաբյանի պատասխանը ևս չուշացացավ: նա իր ֆեյբուքյան էջում գրեց.
«Մարիա Կարապետյանը ստում է.
Ստրասբուրգից հետևեցի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Մարիա Կարապետյանի բոցաշունչ ելույթին ԱԺ ամբիոնից: Ինչպես միշտ օրակարգից դուրս ելույթ ՝ իր էությանը հոգեհարազատ հասարակակական կազմակերպությունների շահերը պաշտպանելու համար: Տիկին Կարապետյանի յուրաքանչյուր բառը սուտ է և ապատեղեկատվություն: Երևի թե հեղափոխական նոր թրենդի մեջ է ստախոսությունը, մանիպուլյացիան, ապատեղեկատվությունը, բայց վստահեցնում եմ ձեզ՝ իմ դեպքում դա ուղղակի չի անցնելու: Մնացածը, շատ ավելի հանգամանալից, Սրտասբուրգից վերադառնալուց հետո:
Տիկի՛ն Կարապետյան, հեղինակություն նման անազնիվ մեթոդներով չեն վաստակում, եթե անգամ ձեր այսօրինակ գործունեության համար Եվրոպական միությունը ձեր դոշին փակցնում է «Քաջ կին» մրցանակը: Մնացածն իմ ընկեր Գևորգ Պետրոսյանի խոսքում»:
Հարակից հրապարակումներ`
- Տրանսգենդերին ԱԺ հրավիրելու հարցը վեճի առարկա դարձավ նաև այսօրվա արտահերթում
- «Իմ քայլ»-ի պատգամավորն ասում է՝ տրանսգենդերին ինքն ԱԺ չի հրավիրել