Ազատ ոճային ըմբիշները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Ապրիլի 8-14-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կանցկացվի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Առաջինը մեկնարկի դուրս կգան ազատոճային ըմբիշները։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանը Եվրոպայի առաջնությունում կներկայանա Վաղինակ Մաթևոսյան (57 կգ), Արսեն Հարությունյան (61 կգ), Վազգեն Թևանյան ( 65 կգ), Դավիթ Սաֆարյան (70 կգ), Վարուժան Կաջոյան (74 կգ), Գրիգոր Գրիգորյան (79 կգ), Հովհաննես Մխիթարյան (86 կգ), Սարգիս Հովսեփյան (97 կգ), Անդրանիկ Գալստյան (125 կգ) կազմով։
Այս 9 ըմբիշներց 5-ը առաջին անգամ են մասնակցում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը։
57 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարի Հայաստանի գործող չեմպիոն Վաղինակ Մաթևոսյանը։ Այս քաշային կարգում պայքարի մեջ կմտնեն 17 ըմբիշ։ Վաղինակ Մաթևոսյանին լուրջ մրցակցություն է սպասվում։ Նրա հետ միասին Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն 2018 թվականի աշխարհի, 2017 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր թուրք Սուլեյման Աթլին, 2019 թվականի Իվան Յառիգինի հուշամրցաշարի հաղթող, Ռուսաստանը ներկայացնող Մուսլիմ Սադուլաևը և վրացի Օթարի Գոգովան։
Հայ ըմբիշը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը կլինի 2017 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն Անդրեյ Դուկովը, ում 2018 թվականին Եվրոպայի առաջնության ժամանակ 0։10 հաշվով պարտության էր մատնել Միհրան Ջաբուրյանը։
61 կգ քաշային կարգում հանդես կգա 15 ըմբիշ։ Այս քաշային կարգում Հայաստանը կներկայացնի 2018 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և երիտասարդների Եվրոպայի առաջնության չեմպիոն Արսեն Հարությունյանը։ Բուխարեստ Արսենը մեկնել է Հայաստանի գործող չեմպիոնի կարգավիճակով։ Նրան լուրջ փորձություն է սպասվում։ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն 2016 թվականի աշխարհի փոխչեմպիոն, 2015 թվականի Եվրոպական խաղերի և 2017 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, վրացի Բեկա Լոմտաձեն, թուրք Ռեջեփ Թոփալը և 2018 թվականի Մ23 տարեկանների աշխարհի չեմպիոն, Ռուսաստանի չեմպիոն Մագոմեդռասուլ Իդրիսովը։
65 կգ քաշային կարգում հայտավորվել են 23 ըմբիշ։ Մ23 տարեկանների Եվրոպայի գործող չեմպիոն Վազգեն Թևանյանը կփորձի ուժերը չափել Օլիպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն, վրացի Վլադիմիր Խինչեգաշվիլու, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ադրբեջանցի Հաջի Ալիևի, Մ23 աշխարհի առաջանության հաղթող, Ռուսաստանը ներկայացնող Նաչին Կուլարի հետ։ Վազգենը պայքարը կսկսի որկավորման փուլից, որտեղ նրա մրցակիցը բրիտանացի Գեորգի Ռամնն է։
70 կգ քաշային կարգում հայտավորված է 14 ըմբիշ։ Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը մրցավայր է մեկնել այս քաշային կարգում Հայաստանի չեմպիոնի կարգավիճակով, նրան Բուխարեստում դիմակայելու են 2017 թվականի աշխարհի փոխչեմպիոն, 2016 թվականի Եվրոպայի չեմպիոն, Լեհաստանը ներկայացնող Մագոմեդմուրադ Գաջիևը, աշխարհի չեմպիոն, վրացի Զուրաբի Յակոբաշվիլին, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող, Մանգոմեդռասուլ Գազիմագոմեդովը՝ Ռուսաստան։
Դավիթ Սաֆարյանը պայքարը կսկսի որակավորման փուլից, որտեղ նրա մրցակիցը կլինի մոլդովացի Միխայիլ Սավան։
74 կգ քաշային կարգում պայաքարը սկսելու են 22 ըմբիշ։ Հայաստանի չեմպիոն Վարուժան Կաջոյանին լուրջ մրցակիցներ են սպասվում՝ ի դեմս աշխարհի գործող փոխչեմպիոն, վրացի Ավթանդիլ Կենտչաձեի, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Իտալիան ներկայացնող Ֆրանկ Չամիզոյի, 2014 թվականի աշխարհի փոխչեմպիոն, թուրք Յակուպ Գյորի, Մ23 տարեկանների աշխարհի առաջնության մեդալակիր, ռուս Տիմուր Բիժոևի։
11 ըմբիշ է հայտավորվել 79 կգ քաշային կարգում, որտեղ Հայաստանը ներկայացնում է 2014 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, 2017 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Գրիգոր Գրիգորյանը։ Նրա հետ չեմպիոնի կոչման համար կպայքարեն Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի գործող փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ադրբեջանցի Ջաբրայիլ Հասանովը, Եվրոպայի գործող չեմպիոն, ռուս Ահմեդ Գաջիմագոմեդովը։ Գրիգոր Գրիգորյանը պայքարը կսկսի որակավորման փուլից՝ գոտեմարտելով Օմարասխաբ Նազհիմուդինովի հետ՝ Ռումինա։
86 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն Հովհաննես Մխիթարյանն ուժերը կչափի 25 ըմբիշների հետ։ Հովհաննեսի համար լուրջ մրցակիներ են 2018 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Թեյմուրազ Ֆրիևը՝ Իսպանիա և Վլադիսլավ Վալիևը՝ Ռուսաստան։
97 կգ քաշային կարգում Սարգիս Հովսեփյանի հետ միասին կպայքարեն ևս 17 ըմբիշ, որոնցից՝ Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Աբդուլռաշիդ Սադուլաևը՝ Ռուսաստան և 2018 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, վրացի Էլիզբար Օդիկաձեն։
125 կգ քաշային կարգում Անդրանիկ Գալստյանը 16 ըմբիշների հետ միասին կարող է վիճարկել Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ 16 ըմբիշների ցանկում են Օլիմպիական խաղերի, աշխահի կրկնակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն, թուրք Թահա Աքգյուլը, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի գործող չեմպիոն, վրացի Գենո Պետրիաշվիլին և 2019 թվականի Իվան Յառիգինի հուշամրցաշարի հաղթող Ռուսաստանը ներկայացնող Անզոր Խիզրիևը։