Սեղմված գազը կիլոգրամով վաճառելու մասին նախագիծն ընդունվեց
Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է փոխել բնական սեղմված գազի հարկման մեխանիզմը։
Քվեարկությունից առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ասաց, որ նախագծին կողմ են քվեարկում միայն այն պնդումներին հավատալով, որ տնտեսվարողների համար սա չի բերելու հարկային բեռի կամ լրացուցիչ ծախսերի ավելացման: «Միայն այս մոտեցմամբ ենք կողմ քվեարկելու»,- նշեց պատգամավորը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ ասաց, որ կալորիականության խնդիրն արդիական է և անհրաժեշտ է, որ մատակարարը կալորիականության ցուցանիշը տրամադրի տնտեսվարողին, ինչից առաջին հերթին կշահեն սպասարկվողներն ու տնտեսվարողները:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ նշեց, որ տվյալ նախագիծը հարկային բեռի ավելացում չի նախատեսում, ավելին՝ հարկային բեռը նվազում է։ Ըստ նրա՝ թե գազալցակայաններն ինչպես կվարվեն հետագայում, դա արդեն օրենքի հետ կապ չունի:
Նախագծին կողմ քվեարկեց 103 պատգամավոր:
Նախագծով առաջարկվում է սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման նպատակով կիրառվող չափման միավորը՝ 1000 խորանարդ մետրը, փոխարինել 1 տոննայով՝ զուգահեռաբար վերահաշվարկելով նաև ակցիզային հարկի դրույքաչափը: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է չափման միավորը վերանայել՝ հիմք ընդունելով սեղմված բնական գազի 1 խորանարդ մետրի և 1 կիլոգրամի փոխհարաբերակցության՝ տեսությամբ ու գիտականորեն ընդունվող մեծությունը (1խմ = 0.717կգ): Այս պարագայում 1 տոննա սեղմված բնական գազի ակցիզային հարկի դրույքաչափին համապատասխանող հաշվարկային մեծությունը կկազմի շուրջ 34867 դրամ, իսկ նախագծով առաջարկվում է դրույքաչափը սահմանել մի փոքր ավելի ցածր մակարդակում՝ 1 տոննայի հաշվով 34000 դրամ:
Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց նաև «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:
Այս նախագիծը ևս առաջին ընթեցմամբ ընդունվեց` 103 կողմ ձայնով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին