146 միլիոն դրամ՝ Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի հիմնանորոգմանը
«Այս տարի քաղաքային բյուջեից 146 միլիոն դրամ կտրամադրվի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի հիմնանորոգմանը: 55 տարվա պատմություն ունեցող մարզադպրոցը երբեք հիմնանորոգման չի ենթարկվել»։ Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։
«Այսօր շուրջ 170 մարզիկ է հաճախում դպրոց: Մարզադպրոցում առկա տասնամյակների խնդիրների լուծումները քաղաքապետարանի օրակարգում են: Հոբելյանական տարում Ազարյանի անվան դպրոցում նկատելի փոփոխություններ տեղի կունենան»,- գրել է Վիրաբյանը:
Ալբերտ Ազարյանը մարզական կարիերան ավարտել է 1964 թ., սակայն շարունակել է մնալ մեծ սպորտում: Չնայած արտասահմանում ունեցած բազմաթիվ առաջարկներին, գերադասել է մնալ Հայաստանում, այստեղ զարգացնել ու տարածել մարզաձևը:
«Նախկինում պայմաններն այլ էին: 233 մարմնամարզության դահլիճ կար, հազարավոր երեխաներ զբաղվում էին սպորտով, իսկ այժմ Հայաստանում մարզադպրոցների թիվը երկուսն է: Այդ պատճառով էլ այն Հայաստանում չի զարգանում»,- Panorama.am- ի հետ զրույցում ցավով նշել էր Ազարյանը: Նա նաև ընդգծել էր, որ իր մոտ մարզվում են տաղանդավոր երեխաներ, որոնցից սպասելիքները մեծ են:
«Ես այս երեխաների պապիկն եմ: Ուզում եմ, որ իմ 300-ից ավել երեխաները դառնան լավ մարդ: Շատ հետևողական եմ նրանց արտաքինին` հատկապես տղաների առումով: Ուզում եմ, որ տղան տղա մեծանա: Մարզադպրոցի աշխատանքները լավ են ընթանում: Հույսերը մեծ են»:
Իր անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին ինքն էր անգամ մասնակցել։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը շնորհավորել է Ալբերտ Ազարյանին՝ 90-ամյակի առթիվ
- Կայացել է Ալբերտ Ազարյանի գավաթի խաղարկությունը
- Ալբերտ Ազարյան. «Նոր մարզագույք կստանանք»