Արամի 9 հասցեում գտնվող շենքը քանդելու փաստով քրգործ է հարուցվել
Մշակույթի նախարարությունից, Երևանի քաղաքապետարանից և ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում պետական շահերի պաշտպանության վարչությունում
ուսումնասիրվել են պետության պահպանության ներքո գտնվող Երևան քաղաքի Արամի
փողոցի 9 հասցեի շենքի քանդման հանգամանքները:
Գլխավոր դատախազությունից հայտնում են՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ կառավարության 2004թ. հոկտեմբերի 7-ի որոշմամբ հանրապետական նշանակության հուշարձան հանդիսացող և Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում ընդգրկված Արամի
փողոցի 9 հասցեի շենքը քանդվել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց
կողմից տրամադրված քանդման թույլտվությունների և մշակույթի նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից՝ հուշարձանների պահպանության և օգտագործման վերահսկողական իրենց գործառույթը չկատարելու արդյունքում:
Մինչդեռ, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով արգելվում է հանրապետական նշանակության հուշարձանների քանդումը:
Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և այդ կերպ ծանր հետևանքներ առաջացնելու հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:
Նշենք, որ Արամի 9 հասցեում է գտնվում Ֆադեյ Քալանթարյանի բնակելի տունը։ Շենքը կառուցվել է 1906 թ. ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով։ Սկզբում այն պատկանել է արքունի խորհրդական, հաշտարար, Երևանի քաղաքային դումայի պատգամավոր Ֆադեյ Քալանթարյանին։
1917 թ. դեկտեմբերին, երբ հայոց նորագույն պետականության հիմնադիր, նախկինում Վանի նահանգապետ Արամ Մանուկյանը Թիֆլիսից տեղափոխվում է Երևան, Ֆադեյ Քալանթարյանը նրան նվիրում է այն ժամանակ Ցարսկայա փողոցում գտնվող իր բնակարանը։ Այսպիսով, Արամ Մանուկյանն իր ընտանիքի հետ տեղափոխվում է այս շենք։ 1918 թ. նա հանդիպում է հայկական որբանոցի բժշկուհի Կատարինե Զալյանին, շուտով նրանք ամուսնանում են և բնակվում այս շենքում։
Արամ Մանուկյանն այստեղ ապրեց 1 տարուց քիչ ավելի՝ 1917-1919 թթ։ Նա մահացավ 1919 թ. հունվարին՝ ծանր հիվանդությունից։
Այս տանն է ապրել հայ անվանի ազգագրագետ, պատմաբան, մանկավարժ, գիտության վաստակավոր գործիչ Ստեփան Լիսիցյանը՝ իր ընտանիքի հետ։ 2005 թվականից շենքի վերակառուցումը ներառված է Երևանի քաղաքապետարանի «Հին Երևան» ծրագրում, որի հեղինակը ճարտարապետ Լևոն Վարդանյանն է։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է
անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ
քրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական
ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- «Հին Երևան» նախագծի իրականացումը կանգնած է.Փաշինյան
- Ինչպես է փոխվել Արամի փողոցը 40 տարվա ընթացքում
- Արամի 23 հասցեի հուշարձան-շենքին վնաս հասցնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
- «Հին Երևան»-ը միշտ ինչ-որ խոչընդոտների է հանդիպում. Նախագծի հեղինակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան