ԵԽ հանձնակատար․ «Գորշ գոտիներ» հասնելու համար անհրաժեշտ է կառավարությունների աջակցությունը
«Հակամարտության գոտիներում կամ այսպես կոչված «գորշ գոտիներում» ապրող մարդիկ ևս ևս կարիք ունեն պաշտպանված լինելու Կոնվենցիայով, ինչն այս պահին այդպես չէ։ Այս հարցում իմ տեսակետը շատ հստակ է՝ Մարդու իրավունքների հանձնակատարը միշտ պետք է կարողանա այցելել Եվրոպայի խորհրդի ցանկացած հատված, սակայն իրականությունն այլ է։Այնուամենայնիվ, ես ներգրավվում եմ, փորձում եմ մուտք գործել բոլոր այս գոտիները, որպեսզի կատարեմ մարդու իրավունքների պաշտպանության իմ աշխատանքը»,-այս մասին ԵԽԽՎ-ում ասաց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը՝ պատասխանելով ՀՀ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի հարցին, թե Ինչ կարող է ԵԽ-ն անել՝ հակամարտության գոտիներում մարդկանց իրավունքների պաշտպանության համար։
Միյատովիչն ընդգծեց, որ հանձնակատարի աշխատանքը չպետք է քաղաքականացվի։Հանձնակատարի դերը չէ ճանաչել տարածքները կամ ներգրավվել քաղաքական երկխոսության մեջ՝ հակամարտության լուծման համար, այլ հասնել այն մարդկանց, ովքեր ԵԽ ընտանիքի անդամ են:
«Համոզված եմ, որ նրանք բոլորն իրենց զգում են անտեսված և որ ոչ ոք նրանցով չի հետաքրքրվում»,-ասաց Միյատովիչը՝ հավելելով, որ այդ տարածքներ հասնելու համար ինքը կառավարությունների օգնության կարիքն ունի ու միայնակ չի կարող անել։
Ադրբեջանի պատվիրակության անդամ Պաշաևան ԵԽԽՎ-ում բարձրացրեց Ղարաբաղում սպանության մեղադրանքով դատապարտված Դիլգամ Ասգարովի ու Շահբաղ Գուլիևի հարցը, ինչին ի պատասխան Միյատովիչը նշեց, որ այդ հարցով զբաղվում է հատկապես ՀՀ Օմբուդսմենի հետ կապի մեջ է։
Միյատովիչը նշեց, որ մեծ հույսով հետևել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպումներին։
«Ես իսկապես տպավորված էի, երբ լսեցի, որ և նախագահ Ալիևը, և վարչապետ Փաշինյանը մարդկանց պատրաստում են խաղաղության: Իմ կարծիքով, մարդկանց խաղաղության նախապատրաստելու համար առաջին բանը, որ անհրաժեշտ է՝ պետք է հարգվի մարդկանց իրավունքները։ Կցանկանայի տեսնել մարդկանց ազատ արձակումը մարդասիրական հիմքերով: Ես կշարունակեմ հետևել իրադարձություններին, բայց պատասխանատվությունը իրականում ընկած է առաջնորդների վրա, ովքեր պետք է ապահովեն, որ խաղաղության նախապատրաստումը որոշ արդյունքներ ունենա, այլ ոչ միայն լինեն բառեր, որոնք մենք անընդհատ կարդում ենք փաստաթղթերում»,-ասաց Միյատովիչը։