ՀԲ. Աշխատանքային միգրանտները 2018-ին ռեկորդային չափի գումար են փոխանցել հայրենիք
Ամբողջ աշխարհում աշխատանքային միգրանտները 2018 թվականին իրենց հայրենիք են փոխանցել ռեկորդային չափի գումար։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին նշված է Համաշխարհային բանկի զեկույցում։ Փոխանցումների մեծ մասը ուղղվել են միջին և ցածր եկամուտներ ունեցող երկրներ։ Այդ ցուցանիշը 2018-ին հասել է 529 միլիարդ դոլարի՝ համեմատած 2017 թվականի 483 միլիարդ դոլարի հետ, աճը կազմել է 9,6 տոկոս։
Ընդհանուր առմամբ, նման փոխանցումների ծավալը, ներառյալ բարձր եկամուտ ստացող երկրները, կազմել են 689 մլրդ դոլար (2017-ին այն կազմել է 633 մլրդ դոլար)։
Բանկի փորձագետների կարծիքով, աճն առաջին հերթին կապված է ԱՄՆ-ում տնտեսական վիճակի լավացմամբ և այդ երկրում զբաղվածության մակարդակի բարձրացմամբ, նաև Պարսից ծոցի պետությունների համագործակցության խորհրդի անդամ երկրներից և Ռուսաստանից դրամական փոխանցումների ծավալների վերականգնմամբ։