ԱՄՆ կոնգրեսականները Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև են ներկայացրել
Հայոց ցեղասպանության տարելիցին նախօրյակին ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆին ու Գուս Բիլիրակիսիին են միացել ևս 70 կոնգրեսականներ՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձև՝ նպատակ ունենալով ԱՄՆ քաղաքականության մեջ ամրագրել հետևյալ դրույթները՝
1․ Հայոց ցեղասպանության ժխտման մերժում,
2. ԱՄՆ կողմից այս հանցագործության պաշտոնական ճանաչում և հիշատակում,
3. Ժամանակակից աշխարհում նման վայրագությունները կանխելու նպատակով Հայոց ցեղասպանության վերաբերյալ կրթության կարևորություն:
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է կոնգրեսականների նախաձեռնությունները՝ կարևորելով, որ ապագա սերունդները սովորեն այս հայերի նկատմամբ իրականացված այս հանցագործության փաստերը։
Ադամ Շիֆը կարևորել է ցեղասպանությունների կանխարգելման դերը օրենսդրության մեջ ու նշել, որ ավելի քան 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունը ձեռնարկեց սպանությունների, տեղահանման դաժան գործողություններ հայերի՝ տղամարդկանց, կանանց ու երեխաների նկատմամբ, որը խլեց 1,5մլն մարդու կյանք։
«Ցեղասպանությունը ոչ թե անցյալի մասունք է, այլ ներկա սպառնալիք: Դրա ժխտումը ոչ միայն վերապրածների համար է շարունակվող հարված, այլև կրկնվում է մեկ այլ ժողովրդի դեմ: Հետևաբար, ամենակարևորն այն է, որ Կոնգրեսը ճանաչի Հայոց Ցեղասպանության պատմական փաստը և հստակեցնի, որ մենք երբեք չենք լինելու մեղսակից ժխտմանը»,-ասել է Ադամ Շիֆը:
Հանրապետական Գուս Բիլիրակիսը բացատրել է, որ «Ցեղասպանությունը չպետք է ժխտվի, այն պետք է ճանաչվի որպես մարդկության համար պատուհաս։
«Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը ամերիկյան արտաքին քաղաքականության համար կլինի նոր խիզախ էջ: Ներկայիս վարչակազմի համարձակ ղեկավարությամբ, ժամանակն է, որ Միացյալ Նահանգները հանդես գա ցեղասպանության թուրքական ժխտման դեմ»,-ասել է Գուս Բիլիրակիսը: