ՀՀԿ-ի իշխանության օրոք ՀՀ քաղաքացու անձնագիր ստացած Լիլիթ Մարտիրոսյանը մա՞րդ է, թե՝ ոչ. Փաշինյանի հարցն՝ ուղղված բոլորին
«Ես ինչքան հասկացա, ՀՀԿ-ի ինչ-որ ներկայացուցիչներ, հիմա շատ ակտիվ այդ թեման քննարկում են և իշխանության առաջ հարց են դնում, թե էս ինչ է կատարվում»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Ազգային ժողովում տրանսգենդերի ելույթին և դրան հաջորդած իրադարձություններին:
«Ուզում եմ ասել հետևյալը. 2015 թվականին ՀՀ իշխանությունը՝ պահպանողական, ընտանեկան արժեքների, ավանդական արժեքների պահապան իշխանությունը՝ ինչպես իրենք են իրենց անվանում, ՀՀ քաղաքացի Վաղարշակ Մարտիրոսյանի անձնագիրը վերցրել է և նրան տվել է ՀՀ քաղաքացի Լիլիթ Մարտիրոսյանի անձնագիրը: Ընդ որում, սեռն անձնագրում գրել է արական: Հիմա ՀՀԿ-ակաների շարքում ընդունված բան է, որ արական սեռի ներկայացուցչի անունը Լիլի՞թ է: Այդ ինչ հարցեր են դնում: ՀՀԿ-ական իշխանությունն այդ մարդուն տվել է ՀՀ քաղաքացու անձնագիրը՝ սեռն արական, նրան ընդգրկել է ընտրական ցուցակների մեջ, նրան օժտել է ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքներով և պարտականությունենրով՝ առանց բացառության»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Այնուհետև վարչապետը շարունակեց. «Ես որ նրանց ասում էի՝ դուք գեյ ակտիվիստ եք,նրանք չէին հավատում: Նրանք այդ կարգավիճակից չեն կարող խուսափել և դա ևս մեկ ապացույց է: Ո՞ւմ են եկել, ինչի մեջ են մեղադրում: ԲՀԿ-ն ինչի՞ց է բողոքում: Ես պետական պահպանության ծառայությունից գրավոր բացատրություն եմ պահանջել և ինձ տվել են փաստաթուղթ, որ Նաիրա Զոհրաբյանն է ստորագրել ցուցակը»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երբ իմացել է, թե խորհրդարանում ինչ է կատարվել՝ մտածել է, որ դա լավ կազմակերպված պրովոկացիա է հեղափոխության և կառավարության դեմ:
«Բայց կա հաջորդ երեսը. դա մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստ էր, հիմա հարց եմ տալիս բոլորին՝ ՀՀԿ-ի իշխանության օրոք ՀՀ քաղաքացու անձնագիր ստացած Լիլիթ Մարտիրոսյանը մա՞րդ է, թե՝ ոչ: Թող բոլորն այս հարցին պատասխանեն՝ հոգևորականները, ՀՀԿ-ականները, ԲՀԿ-ականները, պահպանողականները»:
Վարչապետը նշեց նաև՝ այն պահվածքը, որ այս ամենի վերաբերյալ ցուցաբերում է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահը, ընդհանրապես կասկածի տակ է դնում Հայաստանում մարդու իրավունքների վիճակը:
«Կարծում եմ՝ այդ պրովոկացիայի կազմակերպման արդյունքում «Բարգավաճ Հայաստան» խմբացկությունը պետք է մտածի, որ հանձնաժողովի իրենց ներկայացրած նախագահը արդյոք մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագա՞հ է և, ընդհանրապես, համապատասխանո՞ւմ է անհրաժեշտ նվազագույն չափանիշներին: Թե՞ ամբողջ խնդիրն այն էր, որ կազմակերպեն պրովոկացիա և թիրախներն ուղղեն «Իմ քայլը» խմբակցության դեմ: Սա քաղաքական պրովոկացիա է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- «ԱԺ ամբիոնը պիտի օրհնվի». բողոքի ակցիա Խորհրդարանի դիմաց
- Տրանսգենդերի ելույթը փոթորկել է պատգամավորներին
- Տրանսգենդերին ԱԺ հրավիրելու հարցը վեճի առարկա դարձավ նաև այսօրվա արտահերթում
- Հայաստանցի տրանսգենդերի անվանափոխված անձնագրի լուսանկարը ֆոտոշոփ է արված
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով