![](https://panorama.am/news_images/700/2098035_1/79.thumb.jpg)
Ձեզնից որևէ մեկը մտածում է՝ Հայաստանում մամուլի նկատմամբ կարող է ճնշում լինի՞․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Նորագավիթ» ավտոմաքսատանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ֆեյքերի հետ կապված իր հայտարարությանը:
Դիատարկմանը, թե այդ հայտարարությունը բուռն արձագանքների տեղիք է տվել, մասնավորապես, ընդդիմախոսներն ասում են՝ դա կարող է օգտագործվել ազատ մամուլի ճնշման համար, վարչապետը պատասխանեց.
«Հիմա դուք մամուլի ներկայացուցիչ եք, Ձեզ վրա որևէ ճնշում զգո՞ւմ եք, զգացե՞լ եք, կամ մտածում եք, որ կզգա՞ք։ Ձեզնից որևէ մեկը մտածում է, որ Հայաստանում մամուլի նկատմամբ ճնշում կարող է լինի՞։ Կա՞ նման մարդ, որ մտածում է՝ էս Հայաստանում, այնտեղ, որտեղ ես վարչապետ եմ, կարա մամուլի նկատմամբ ճնշում լինի։ Անկեղծ ասեք՝ մտածո՞ւմ եք, թե՞ չէ», – ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ֆեյքերի հետ կապված խոսքը եղել է այն, որ պետք է պայքարել բռնություն, ազգամիջյան ատելություն քարոզելու դեմ:
«Բա մեր հանրահավաքի օրը մեր «Դուխով» վերնագրով, մեր սիմվոլներով էջն ասում է՝ դանակները վերցրեք, հանրապետականներին սպանեք։ Հիմա եթե էդ օրը մեկը հանրապետականի մի հատ դանակով քերծեր, մենք կարայի՞նք որևէ մեկին ապացուցեինք, որ էդ մենք չենք կազմակերպել։ Բա ի՞նչ, թողնենք անարձագա՞նք։ Մեկ, երկու, երրորդ անգամ կարող է էդ բանը տեղի ունենա, չէ՞»,- նշեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև «Սպայկա» ընկերությանը:
Նա նշեց, որ վարչապետ ընտրվելուց հետո իրավապահ ու հարկային մարմիններն անընդհատ իրեն ասել են՝ «Սպայկա»-ի հետ կապված կան լրջագույն խնդիրներ, այդ թվում՝ հարկային:
«Ես բոլորին ասել եմ՝ շատ լավ, ոնց օրենքով նախատեսված կարգն է, հետաքննեք, բայց այնպես արեք, որ աշխատանքային պրոցեսը, արտահանման գործընթացը չխաթարվի: Բնականաբար, իմ այս հրահանգը ընկել է նաև որոշ մարդկանց ականջով: Հիմա նրանք սրանից առիթավորվել են ու սկսել են քննիչների հետ խոսել ձեռ առնելով, արհամարհանքով ու քննչական մարմինները խնդիր են դրել գործը հետաքննեն»,- նշեց վարչապետը:
Նրա խոսքով՝ 10 ամիս իր «լռելյայն միջնորդությունը» եղել է այն, որ քննությունն այնպես տարվի, որպեսզի ընկերության աշխատանքը չխաթարվի. «Բայց դա չի նշանակում, որ որոշ մարդիկ գնան մտնեն սենյակներ, քննիչներին ձեռ առնեն, հետո թողնեն գնան իրենց տուն»:
Հարցին, մտավախություն չկա, որ ընկերությունը չի աշխատի, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ որ եթե «Սպայկան» ուզում է բոյկոտ անի, ուրեմն ուրիշ ընկերություններ ի հայտ կգան, մրցակցային պայմաններում շուկան կկարգավորվի։
«Տեսնենք՝ կկանգնեն, թե չեն կանգնի, շատ խելոք էլ կաշխատեն, որովհետև ոչ մեկ էսօր, առավել ևս իրենք, չեն համաձայնի միլիոնավոր դոլարների կորուստ ունենալ, ինչ է թե բոյկոտեն», - արձագանքեց վարչապետը:
Փաշինյանի խոսքով՝ այդ 7 մլրդ դրամով կարող են ուսուցիչների աշխատավարձը բարձրացնել 10 տոկոսով:
«Ազգային ժողովում ասում են՝ ինչո՞ւ չեք բարձրացնում ուսուցիչների աշխատավարձը։ Չեմ բարձրացնում, քանի որ ոմանք հարկեր չեն վճարում։ Ում մոտենում ես, ասում է ուրեմն ռեստորանս կփակեմ, դե էդ դեպքում ոչ մեկ թող հարց չտա՝ ինչո՞ւ է թոշակները ցածր, ինչո՞ւ աշխատավարձերը չեք բարձրացնում, որովհետև բոլոր ներդրողները չեն ուզում հարկ վճարեն ու սպառնում են, որ կփակեն աշխատատատեղերը, այսինքն՝ էս ժողովրդին գերի՞ են վերցրել, իրենց կողքով անցնել չի կարելի, քանի որ իրենք մարդկանց կյանքը կանխորոշելու մանդատ ունեն: Չունեն իրենք էդ մանդատը, թող հանգիստ նստեն տեղները»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՀԺ. «Մեր օրենսդրությունում չկա որևէ սահմանում, թե ինչ ասել է մանիպուլյացիա». քննարկում ֆեյքերի դեմ պայքարը թեմայով
- Վանեցյան. Ֆեյքերի դեմ պայքարի շրջանակում ձերբակալվել է մեկ անձ
- Փաստաբան. Ֆեյքերի դեմ պայքարի հարցում օրենքը մշակման կարիք ունի
Լրահոս
Տեսանյութեր
![Աղջկաս գիշերն եմ տարել, հանձնել հողին, խփում էին. Դավիթ Բեկի բնակիչ](https://panorama.am/video_images/17/49845_1/f667ff44f2ba7f_667ff44f2babf.jpg)
![Ավինյանը պետք է պատասխան տա ԱՆԻՖ-ի լուծարման համար. Քաղաքագետ](https://panorama.am/video_images/17/49832_1/f667ec7df01fc0_667ec7df0200f.jpg)
![Չարիքը պետք է վերացնենք և այո, ես դա հանձն եմ առել. Բագրատ Սրբազան](https://panorama.am/video_images/17/49824_1/f667ebd6bdf23c_667ebd6bdf284.jpg)
![Շողեր Բաբայան. Աշակերտի չափ պետք է կարևորվի նաև ուսուցիչը](https://panorama.am/video_images/17/49813_1/f667eaaf24aa7c_667eaaf24aabc.png)