Դավիթ Սանասարյանը հարցաքննվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում այսօր կայացավ «Հայաստանի կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստը: Վկայի կարգավիճակով հարցաքննվեց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, ով այս գործով նախկինում ուներ մեղադրյալի կարգավիճակ:
Դատարանի հարցին, թե նախկինում դատապարտված եղե՞լ եք, Սանասարյանը պատասխանեց. «Չեմ հասցրել»: Նա ասաց, որ ամբաստանյալ Անդրիաս Ղուկասյանին ճանաչում է տարիներ շարունակ, պայքարակից ընկերներ են, նրա հետ ունի ընկերական հարաբերություններ:
Խոսելով Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի մասին՝ Դ. Սանասարյանն ասաց. «Ինֆորմացի ենք ունեցել, որ այլ գործողություններ են իրականացվում ՊՊԾ գնդի տարածքում, փորձել ենք լինել հնարավորինս մոտ, որպեսզի մեր ներկայությամբ կանխենք հնարավոր բացասական հետևանքները։ Մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի կանխենք հավանական ելքը, որը, մեր կարծիքով, կարող էր լինել շատ վտանգավոր։ Նախապես էլ գիտեինք, որ բավականին վտանգավոր գործողություններ են իրականացվում համապատասխան մարմինների կողմից։ Մեր նպատակն է, կրկնում եմ, կանխել արյունահեղությունը։ Նման համոզմունք կար, որ եթե քաղաքացիները մոտ տարածքում լինեն, երկու կողմից կդադարեցնեին կրակահերթերը»։
Նա նշեց, որ գնդի տարածքից լսել են կրակոցներ, իրենք էլ բարձրաձայն վանկարկումներ են արել, որպեսզի դադարեցնեն։ Դ. Սանասարյանի խոսքով, իրենք իրենց գործողություններով ամեն ինչ արել են, որպեսզի հավաքները խաղաղ լինեն։
Ա. Ղուկասյանի փաստաբանի հարցին ի պատասախան, թե Ղուկասյանն ու դուք կոչեր արե՞լ եք ժողովրդին, որպեսզի քարեր նետեն, Դ. Սանասարյանն ասաց. «Սա հեքիաթի շարքից է»։
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Դ. Սանասարյանն ասաց. «Սարքված գործ էր, պետք էր անպայման մեղավորներ գտնեին, իրենք իրենց մեղավոր չէին համարելու։ 21 օր ազատազրկվեցի։ Ինձ ակնհայտ էր, թե ինչ էր կատարվում, այդ ամեն ինչը գիտակցելով, որևէ պահի չեմ դադարել պայքարելուց։ Այն ժամանակվա համար նորմալ իրավիճակ էր»։
Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 29-ին, ի պաշտպանություն ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամների, քաղաքացիները Ազատության հրապարակից երթով շարժվել էին դեպի Խորենացի փողոց՝ ՊՊԾ գնդի տարածք: Նրանք Նար-Դոս փողոցի միջնամասից կտրուկ փոխել էին ուղղությունը՝ շարժվելով դեպի Սարի թաղ: Ոստիկանները փորձել էին կասեցնել երթի ընթացքը, սակայն մեծ թվով մարդկանց հաջողվել էր ճեղքել ոստիկանական պատնեշը: Սարի թաղում ոստիկանների և ի պաշտպանություն ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամների միջև բախումներ էին եղել։ Դավիթ Սանասարյանը կալանավորվել էր, մեղադրվում էր Զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։ Նա 21 օր մնացել էր անազատության մեջ։ Այնուհետև նրա կարգավիճակը կասկածյալից փոխվել էր վկայի։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Սանասարյանը պահանջում է կարճել իր նկատմամբ հարուցված վարույթը
- Անդրիաս Ղուկասյանը բողոքարկելու է ՀՔԾ որոշումը
- Անդրիաս Ղուկասյան. ՀՔԾ-ի խայտառակությունը
- Դավիթ Սանասարյանը նշանակվել է պետական վերահսկողական ծառայության պետ
- Անդրիաս Ղուկասյանն ազատ արձակվեց
- Դատարանը քննում է Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու հարցը
- Դավիթ Սանասարյանը դուրս է եկել ոստիկանությունից
- Դավիթ Սանասարյանը գրավի դիմաց ազատ կարձակվի
- Հովսեփ Խուրշուդյանը, Դավիթ Սանասարյանը, Արմեն Մարտիրոսյանը ապօրինի են գտնվում անազատության մեջ. Փաստաբան
- Դավիթ Սանասարյանը կալանավորվել է
- Դեպի Խորենացի երթով շարժվող քաղաքացիները շեղվեցին երթուղուց