Մոսկվան հրաժեշտ տվեց Գեորգի Դանելիային
Մոսկվայի Կինոյի տանն այսօր վերջին հրաժեշտը տվեցին խորհրդային կինոյի դասական Գեորգի Դանելիային: Արվեստասեր հասարակայնությունը ռեժիսորին հրաժեշտ տվեց ծափահարություններով և «Բրավո» բացականչություններով, գրում է ՌԻԱ Նովոստին:
Ապրիլի 4-ին կյանքից հեռացած լեգենդար ռեժիսորի՝ Գեորգի Դանելիային հրաժեշտ տալ ցանկացողների հերթը չէր նվազում երկու ժամ շարունակ: Կինոյի տանը էկրանին միաժամանակ հատվածներ էին ցուցադրում Դանելիայի կինոնկարներից:
Խորհրդային կինոյի հսկային հրաժեշտ տալու էին եկել լուսանկարիչ Յուրի Ռոստը, դերասան Եվգենի Ստեբլովը, ռեժիսորներ Կարեն Շահնազարովը, Ալեքսանդր Ադաբաշյանը, Տիգրան Քեոսայանը, մուլտիպլիկատոր Յուրի Նորշտեյնը, դերասանուհիներ Վերա Վասիլևան, Եվգենիա Սիմոնովան և այլք:
Երեքշաբթի ավելի ուշ Գեորգի Դանելիային հողին կհանձնեն «Նովոդեւիչիե» գերեզմանատանը՝ Օլեգ Տոբակովի և Ստանիսլավ Գովորուխինի կողքին:
Հիշեցնենք, որ կինոռեժիսոր, սցենարիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր ռեժիսոր Գեորգի Դանելիան մահացել է ապրիլի 4-ին, Մոսկվայում: Փետրվարին ռեժիսորը հոսպիտալացվել էր թոքաբորբով։
Հարակից հրապարակումներ`
- Վախթանգ Կիկիաբիձեն չի մասնակցի ընկերոջ՝ Գեորգի Դանելիայի հուղարկավորությանը
- Մահացել է ռեժիսոր Գեորգի Դանելիան