Աննա Հակոբյանը Բայբուրդյանին հիշեցրել է՝ վաղ թե ուշ արդարությունը վերականգնվում է
Վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ներկա է գտնվել ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնադրման 25-ամյակի միջոցառմանը:
Միջոցառմանը ներկա են գտնվել համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, մտավորականներ, հասարակական ու քաղաքական կազմակերպությունների ղեկավարներ: Միջոցառումը մեկնարկել է ՀՀ և ԱՄՆ օրհներգերով և ԱՄՆ հայ համայնքի հոգևոր առաջնորդների ելույթներով:
Աննա Հակոբյանի գրասենյակից հայտնում են, որ ելույթներով հանդես են եկել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանն ու ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը:
Իր ելույթում Աննա Հակոբյանը նշել է, որ հյուպատոսությունը դարձել է հայրենիքի հետ կապող փոքրիկ, բայց ամուր ու հաստատուն կամուրջ, հարազատ օջախ ինչպես մեր սիրելի համայնքի, այնպես էլ հյուպատոսության անձնակազմի, Հայաստանից գործուղված մդիվանագետների համար:
«Ուրախ եմ արձանագրել, որ հեղափոխությունն արդեն իսկ տալիս է իր պտուղները։ Ինձ համար անչափ հուզիչ է, պարոն Բայբուրդյան, որ այսօր հենց Դուք եք ինձ հյուրընկալում այստեղ։ Դուք գերադասեցիք կանգնել արդարության կողքին և համերաշխություն հայտնեցիք մեր ժողովրդին՝ դրանով իսկ թանկ գին վճարելով ձեր ընտրության համար: Վաղ թե ուշ արդարությունը վերականգնվում է։ Ահավասիկ, Դուք այսօր այստեղ եք և ղեկավարում եք մեր ամենակարևոր դիվանագիտական ներկայացուցչություններից մեկը: Արդարությունը վերականգնվել է նաև նմանատիպ այլ դեպքերում։
Շատ ուրախալի է իմանալ նաև, թե որքան է այսօր մեծացել Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսության աշխատանքի ծավալը փոփոխությունների արդյունքում. կարծում եմ, որ հեղափոխությունից հետո Հայաստանի գրավչության ուժն է կտրուկ մեծացել:
Պատահական չէր, որ մեր հեղափոխության շարժիչը «քա´յլ արա» կարգախոսն էր: Օգտվելով ինձ ընձեռնված այս առիթից՝ խնդրում և կոչ եմ անում ձեզ բոլորիդ կատարել «ձե´ր քայլը»՝ Հայրենիքին նաև մեր ծրագրերի միջոցով աջակցելու գործում»,-մասնավորապես նշել է իր ելույթում:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով