Վարչապետը չի բացառում, որ կդիմի ԵԱՏՄ-ին՝ մեքենաների ներկրման ժամկետը երկարացնելու համար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Նորագավիթ» մաքսատուն այցից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանը կարող է դիմել ԵԱՏՄ գործընկերներին, որպեսզի հնարավորություն ստանա երկարացնել այլ երկրներից մեքենաներն էժան գնով ներկրելու ժամկետները։
Նա նշեց, որ 2000 թվականի մեքենա 300 դոլարով ներկրում են Հայաստան ու ներկրում են հազարներով. «Սա լա՞վ է, թե՞ վատ է։ Ամեն օր ասում ենք՝ վայ, խցանումները, հետո էլ ասում ենք ՝վայ, վթարները։ Հայաստանը մեքենաների գերեզմանո՞ց է: Ուզում ենք, որ Հայաստանը մեքենաների գերեզմանոց դառնա, թե ոչ»:
Դիտարկմանը, թե Հայսստանից Ղազախստան էլ են մեքենաներ տանում, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Այո, տանում են, բայց մեր երկրում էլ է չէ՞ մնում»:
Վարչապետը նշեց, որ խնդիրը ոչ թե ներկրումների ծավալը կրճատելն է, այլ մեքենաների պարկի թարմացումը: «21-րդ դար ենք մտնում, էլեկտրամոբիլներին էլ հարկային արտոնություն տվինք: Կարո՞ղ է ժամանակն է սկսենք մտածել, որ Երևանում պետք է էլէկետրոմոբիլ լինի: Հա, ճիշտ է, լավ մեքենա է, թողնենք, աջ ղեկը թողնենք, 1975, 91 թվերի արտադրությանը թողնենք, բայց 21-րդ դարն է, չէ՞, պարզ է, որ սոցիալական խնդիրներ կան, բայց մեր երկրի պատկերի մասին էլ պետք է մտածենք, չէ՞», - ասաց վարչապետը։