Բոլորը հեռացվեն աշխատանքից. Վարչապետին զայրացրեց Նորագավիթի մաքսատան վիճակը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան այցելել էր Նորագավիթի մաքսակետ: Սակայն վարչապետի այցելությունից հետո ոմանց տհաճ անակնկալ էր սպասվում: Փաշինյանն առաջին իսկ պահից իր դժգոհությունը հայտնեց տարածքի մաքրությունից, անբարեկարգ վիճակից:
«Մանավանդ իմ այցի օրն ինչու է այստեղ բիչոկ գցած գետնին: Տարածքը մաքրած չէ, 25 տարվա բիչոկ է, սա մեր երկրի իմիջի հարցն է, չէ, ամեն ինչը փոշու մեջ է, քանդված է»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը ձեռքով սրբեց պատն ու նկատեց, որ այն երկար ժամանակ չի մաքրվել. «Սա վերաբերմունք է մարդկանց նկատմամբ, որոնք եկել էստեղ կանգնել են: 90 թվականից այս կողմ պատերը մաքրված չեն: Սա խայտառակ կեղտոտ տարածք է, և սա վերաբերմունք է մարդկանց նկատմամբ, սա վերաբերմունք է մեր դրոշի ու զինանշանի նկատմամբ, սա անթույլատրելի է: Հիմա իրենց պարգևավճարներից կպակասեցնեք ու այստեղ կբերեք կարգին վիճակի»:
Փաշինյանին հատկապես զայրացրեց այն, երբ աշխատասենյակներից մեկի անկյունում տեսավ եռագույն դրոշը: Երիտասարդին, որը նստում է հենց այդ սենյակում, վարչապետն ասաց, որ իր աշխատավարձով սյուն սարքի դրոշը տեղադրելու համար, իսկ հետո ազատման դիմում գրի:
«Դիմում կգրես ու կգնաս տուն, լսեցի՞ր: Ով աշխատել է այդ սենյակում, բոլորը հեռացվեն աշխատանքից: Դրանց կանգնելու ձևը, հագուկապը, ոնց որ քուչում լինեն: Լավ ա չեն պպզել»,- զայրացած ասաց վարչապետը:
Երբ նրան ասացին, դա այդ տարածքը վարձակալությամբ է և չի պատկանում ՊԵԿ-ին, Փաշինյանը նկատեց, որ դա կապ չունի. «Որ գնում ենք վարձով տանն ապրելու, ասում ենք՝ ոչինչ թող խոզանոց լինի՞, չե՞նք մաքրում էդ տունը: Այստեղ նայելու բան չկա, մի ամսից կգանք կնայենք»:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, երբ փորձեց մեղմել իրավիճակը, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Ոնց կարա մարդ ամեն օր մտնի իր աշխատասենյակ ու տեսնի, որ դրոշը կեղտոտ գցած է անկյունում, այդ մարդը ոնց կարող է ուսադիրներ կրել Հայաստանում: Կազատեք բոլորին, այդ սենյակում մի մարդ չմնա, աշխատանքից ազատել բոլորին՝ անուն ազգանուններով կհետևեք»:
Լրագրողի հարցին, թե հնարավոր չէ արդյոք նկատողությունով հարցը լուծել, վարչապետը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ եթե դրոշի հետ կապված չլիներ հարցը, հնարավոր կլիներ:
Նա կարգադրեց կարգի բերել մաքսատան տարածքը՝ ամբողջը մաքրեն, գծանշումներ անեն: