Ինչու է փակվել գիտնական Արծրունի Սահակյանի ղեկավարած բաժինը
Մատենադարանի միջնադարյան ժողովրդական մշակույթի ձեռագիր աղբյուրների հետազոտման բաժինը փակվել է։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց հետազոտման խմբի գիտական ղեկավար, պրոֆեսոր, բանասիրական և պատմական գիտությունների դոկտոր Արծրունի Սահակյանը։ Նրա խոսքով, դա արվել է, որովհետև Մատենադարանի տնօրեն Վահան Տեր–Ղևոնդյանը ունի անձնական դրդապատճառ։
«Անձնական դրդապատճառն այն է, որ երջանկահիշատակ Թամրազյանից հետո Վահան Տեր–Ղևոնդյանը որպես ժամանակավոր պաշտոնակատար պետք է պաշտպաներ դոկտորական, որպեսզի դառնար տնօրեն: Արագության մեջ մեկ-մեկ մարդ ձախողվում է։ Արագ պաշտպանելու նպատակով թերի աշխատանք էր ներկայացվել, որը տրվել է ինձ գրախոսելու։ Ես եղել եմ այն ժամանակվա ԲՈՀ-ի գաղտնի գրախոսը: Եվ հավատարիմ իմ գիտական սկզբունքներին` գաղտնի, անաչառ կարծիք եմ տվել: Անաչառ կարծիքը, սակայն, գաղտնազերծվել է, օրենքի խախտում է դա։ Դա եղել է 2017 թվականին »,- ասաց Ա. Սահակյանը:
Նա ասաց, որ Տեր-Ղևոնդյանին դատի է տալու իր հասցեին ուղղված զրպարտության համար, քանի որ նշել է՝ իր ղեկավարած խումբը ստեղծել է նախորդ տնօրենին ստիպելով. «Ես շանտաժիստ եմ, բանսարկում եմ։ Բա ես ինչպե՞ս մաքրվեմ, ինչպե՞ս կարող եմ հերքել, դա ամբողջ կոլեկտիվի և հոգաբարձուների խորհրդի առաջ է ասում: Եթե ես լռեմ, նրանք կմտածեն, որ այդ խարդախ ճանապարհով եմ այդ խումբը բացել: Ընդ որում, ակնարկում էր նախկին հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանին՝ նախկին նախագահի եղբորը, որը եղել է այդ ճնշման մասնակիցներից մեկը: Եթե ես նրա միջոցով նման ճնշում ունենայի, ես կլինեի տնօրենը, ոչ թե Վահան Տեր-Ղևոնդյանը»: