«Ցավոք, համակարգում գուցե և առկա են առանձին ջեբկիրության դրսևորումներ». Գագիկ Հարությունյան
«Այս մեկ տարվա ընթացքում ամբողջությամբ իրականացվել է դատական համակարգի սահմանադրությամբ նախատեսած պակենտրոնացումը»,- Բարձագույն դատական խորհրդի գործունեության մեկ տարին ամփոփող միջոցառման ժամանակ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ սրա արդյունքում և դատական գործերի բաշխման արդյունքում սուբյեկտիվ գործոնի չեզոքացման միջոցով բացառվել է համակարգային կոռուպցիան դատական իշխանության համակարգում, վերցել են այդ երևույթի ինստիտուցիոնալ նախադրյալները։
«Ցավոք, գուցե և առկա են առանձին, այսպես կոչված ջեբկիրության դրսևորումներ, որոնք սակայն ամբողջությամբ ջրի երես դուրս կգան մշտադիտարկման նոր համակարգի արմատավորման պարագայում»,- ասաց Հարությունյանը։
Ինչ վերաբերում է էլէկտրոնային արդարադատության ներդրմանը՝ ԲԴԽ նախագահն ասաց, որ մշակված լուրջ հայեցակարգ ունեն. «Այս տարվանից մենք ի վիճակի կլինենք առաջին փուլի ներդրման աշխատանքները մինչև տարեվերջ ավարտել»։
Այնուհետև լրագրողների հետ զրույցում Գագիկ Հարությունյանը շեշտեց, որ այսօր հնարավորություն կա ունենալ անկախ դատական իշխանություն։
Լրագրողների դիտարկմանը, թե վարչապետն ասում է՝ դատավորներին զանգեր չեն լինում, նախկինում եղե՞լ են, նա պատասխանեց. «Այսպես կոչված հեռախոսային արդարադատության մասին նման հարցերը պրիմիտիվ մոտեցում են: Ժամանակին կարող է շատ են եղել զանգեր կամ քիչ, բայց արդարադատության համար երաշխիքները պետք է չորսը լինեն՝ ֆունկցիոնալ, ինստիտուցիոնալ, նյութական, սոցիալական: Ես խորապես համոզված եմ, որ այդ երաշխիքներն այսօր էլ անբավարար են և մեր ամբողջ այս գործունեությունն ուղղված է այդ երաշխիքների ստեղծմանը: Եթե ստեղծվում է օբյեկտիվ երաշխիքը, սուբյեկտիվ միջամտությունը զրոյացվում է»։
Լրագրողի հարցին, թե անցած տարի, երբ ընթանում էր ԲԴԽ անդամներից 5-ի ընտրությունը, Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ էր դրել նրա ընտրությունը, և հարցին՝ ներկայում դժվար չէ՞ Ձեզ համար ընդունել նրան՝ որպես երկրի ղեկավար, հիմա ինչպիսի՞ն են նրանց հարաբերությունները, նա պատասխանեց. «Ցանկացած ընտրության ժամանակ էլ կարող են լինել տարաբնույթ խոսակցություններ և այդ ընտրությունների արդյունքները որևէ ձևով չեն վիճարկվել: Մեր հարաբերություններն էլ նորմալ, պաշտոնական հարաբերություններ են»: