Նյու Յորքի շրջաններից մեկում կարմրուկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
Նյու Յորքի իշխանությունները Բրուքլինի շրջաններից մեկում արտակարգ դրություն են հայտարարել՝ կարմրուկի 300 դեպքերի պատճառով: Այս մասին հայտարարել է Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դը Բլազիոն, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք Բրուքլինի Ուիլյամսբերգ թաղամասում առողջապահական առումով արտակարգ դրություն ենք հայտարարում՝ կապված քաղաքում կարմրուկի 300 գրանցված դեպքի հետ, որոնց մեծ մասը կենտրոնացած է հենց Բրուքլինում»,- Թվիեթերում գրել է քաղաքագլուխը:
Բացի այդ, նա ծնողներին կոչ է արել երեխաներին պատվաստել՝ նշելով, որ «կարմրուկի պատվաստանյութերը անվտանգ են և արդյունավետ»: «Եթե հրաժարվում եք պատվաստումից, ապա ձեզ կտուգանեն: Մենք պետք է պաշտպանենք մեր երեխաներին և ընտանիքներին»,- ասել է քաղաքապետը:
Նշենք, որ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը վերջերս հայտարարել է՝ ամբողջ աշխարհում կարմրուկի առումով իրավիճակը տագնապալից է, քանի որ շատ երկրներում կարմրուկի տեղական դեպքերը վերացել էին։ Օրինակ, ԱՄՆ-ում վերջին 20 տարում կարմրուկի տեղական դեպքեր չէին գրանցվել։ Սակայն վերջին երկու-երեք տարիներին ԱՄՆ-ում կարմրուկի բռնկման դեպքեր են արձանագրվել։
Ուկրաինայում միայն 2018 թվականին գրանցվել է կարմրուկի 30 հազար դեպք՝ 30 մահվան ելքով, Ֆիլիպիններում գրանցվել է 13 հազար դեպք, Բրազիլիայում՝ 10500, մինչդեռ այս երկրների մեծ մասում վաղուց կարմրուկի դեպքեր չէին գրանցվել։