Դատավորների Magna Carta-ն և Քոչարյանի քրեական հետապնդումը
Անցած տարվա հուլիսից սկսած՝ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը պայքարում է իրացնել իր սահմանադրական իրավունքը, այն է՝ անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի ու ողջամիտ ժամկետում քննության իրավունքը:
Այուամենայնիվ, նախագահը դեռևս արդարադատության մերժման զոհ է Հայաստանում, որտեղ քրեական հետապնդումն ունի քաղաքական դրդապատճառներ և ներկայացնում է վրեժխնդրություն։ Նախագահ Քոչարյանը քաղբանտարկյալ է՝ Եվրոպայի խորհրդի չափորոշիչների համաձայն, որովհետև կալանքն իրականացվել է քաղաքական նկատառումներով` հստակ քաղաքական օրակարգի շրջանակում:
Լիահույս եմ, որ յուրաքանչյուր դատավոր կիրականացնի դատավորների Մագնա Կարտայով (Magna Carta՝ Հիմնարար սկզբունքներ) իրեն վերապահված առաքելությունը՝ երաշխավորելու իրավունքի գերակայությունը և ապահովելու անկողմնակալ, արդար և անաչառ կերպով օրենքի կիրառումը, ինչպես նաև փաստերի գնահատումը:
Դատավորների Մագնա Կարտան կոչ է անում յուրաքանչյուր դատավորի՝ խրախուսել և պաշտպանել դատարանների անկախությունը, որը հանդիսանում է արդարադատության նախադրյալը։ Դատավորների անկախությունը պետք է դիտարկվի որպես ազատության երաշխիք, մարդու իրավունքների նկատմամբ հարգանք և օրենքի անկողմնակալ կիրառում:
Այն, ինչի համար պայքարում է նախագահ Քոչարյանը արդարադատությունն է: Դատավորների Մագնա Կարտան նույնպես է կոչ է անում յուրաքանչյուր դատավորի՝ իրականացնել արդարադատությունը՝ առաջնորդվելով միայն օրենքով և չենթարկվելով որևէ հրահանգի կամ ճնշման։ Իհարկե, այստեղ նաև հարկ է մեջբերել Սահմանադրությունը, որն արտահայտում է հստակ դիրքորոշում` արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները, և որևէ միջամտություն արգելվում է:
Դատավորների Մագնա Կարտան պահանջում է, որ յուրաքանչյուր դատավորի պետք է ընձեռվի բավարար իրավասություն՝ իրականացնելու իրենց պարտավորությունները, պահպանելու իրենց ինքնիշխանությունը և դատարանի հեղինակությունը: Գործին առնչվող բոլոր անձինք` ներառյալ հանրային մարմինները կամ նրանց ներկայացուցիչները, պետք է ենթարկվեն դատավորի իշխանությանը:
Վերջում, հարկ է նշել, որ ժողովրդավարական հասարակությունում, որտեղ գերակա է իրավունքը, իշխանական թևերից ոչ մեկը չպետք է գործի իր շահերից ելնելով, այլ պետք է գործի ի շահ համընդհանուր ժողովրդի, որտեղ միայն դատավորներն ունեն քաղաքացիների կյանքի, ազատությունների, իրավունքների և պարտավորություննրի վերաբերյալ որոշում կայացնելու վերջնական իրավասությունը։
Սարգիս Գրիգորյան, իրավաբան
GPartners իրավաբանական ընկերության գործընկեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան