Վանեցյանը՝ Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը խախտելու վերաբերյալ դատարանի որոշման մասին
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Արման Հովհաննիսյանի, ապրիլի 5-ին բավարարել է Սեդրակ Քոչարյանի պաշտպանների բողոքը և արձանագրել՝ ԱԱԾ-ի կողմից թույլ է տրվել անմեղության կանխավարկածի խախտում:
Լրագրողներն այսօր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից հետաքրքրվեցին, համամի՞տ է դատարանի որոշման հետ։
«Ըստ դատարանի, խախտվել է անմեղության կանխավարկածը։ Հարցը կուսումնասիրեն իրավաբանները։ Սահմանված ժամկետում, եթե չի լինի որոշում, որ պետք է բողոքարկել վերաքննիչ դատարան, ուրեմն իհարկե, օրենքով նախատեսված բոլոր պահանջները կկատարվեն ու կենթարկվենք դատարանի որոշմանը»,-ասաց ծառայության տնօրենը։
Նա հիշեցրեց, ներողություն խնդրելու պահանջ չի եղել։
Հիշեցնենք, որ 2019 թվականի փետրվարի 19-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից պաշտոնական հաղորդագրություն էր տարածվել՝ «Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործով հաղորդագրություն» վերտառությամբ որում նշվում էր, թե բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու հանցադեպեր, որոնց կազմակերպման հետ անմիջական առնչություն է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը:
Սեդրակ Քոչարյանի պաշտպանական խումբը գտել էր, որ հիշյալ հաղորդագրությամբ ԱԱԾ-ն խախտել է Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը և բողոք էր ներկայացրել դատարան:
Հարակից հրապարակումներ`
- Դատարանն արձանագրել է՝ Սեդրակ Քոչարյանի գործով ԱԱԾ-ի կողմից թույլ է տրվել անմեղության կանխավարկածի խախտում
- Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Վանեցյանի դատական նիստը հետաձգվել է
- Այսօր կկայանա Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով դատական նիստը
- Սեդրակ Քոչարյանը դատի է տալիս ԱԱԾ-ին. 168.am
- ԱԱԾ-ն Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել
- Սեդրակ Քոչարյան. Այո, ինձ մեղադրանք են առաջադրել