«Սուրբ Հարության» տոնին ընդառաջ ձվի դեֆիցիտ չի լինի
«Ճիշտ է, շուկայոււմ հավկիթի գնի վերահսկողությունը մեր գործառույթը չէ, բայց մեր անհանգստության առիթներից մեկը մեր գյուղատնտեսության, թռչնաբուծության անվտանգ զարգացումն է»,-ասել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը՝ ձու արտադրողների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
Նա կարևորել է ժամանակ առ ժամանակ նման հանդիպումներ ունենալը, խնդիրները քննարկելը և հնարավոր լուծումների շուրջ համատեղ համաձայնության ձեռքբերումը։
Տեսչական մարմնից հայտնում են, որ հասարակական կազմակերպության ներկայացուցիչներն ու ձվի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները բարձրաձայնել են, որ իրացման ցանցում շատ հաճախ հայտնվում են կեղտոտ, անհայտ ծագման, «տնական ձվի» անվան տակ և ավելի մատչելի գնով վաճառվող առանց մակնշման հավկիթներ:
Տնտեսվարողներն առաջարկել են իրենց աջակցությունը՝ իրացման կետերում շրջայցեր կատարելու և հայտնաբերված խախտումների մասին լիազոր մարմնին տեղեկացնելու միջոցով, ակնկալելով, որ Տեսչական մարմինը, հետագծելիությամբ կպարզի այդ հավկիթների ծագումը և կկասեցնի վաճառքը:
Թռչնարտադրողների միության ՀԿ-ի նախագահ Սերգեյ Ստեփանյանը, վստահեցրել է, որ «Սուրբ Հարության» տոնին ընդառաջ ձվի դեֆիցիտ չի լինի և դեկտեմբեր ամսին թույլ տրված բացթողումները, որոնք հիմնականում եղել են տեխնիկական բնույթի, այս անգամ հնարավորինս կբացառվեն:
ՍԱՏՄ ղեկավարը նաև առաջարկել է տարեկան երկու անգամ, արտադրողի միջոցների հաշվին, բոլոր ընկերությունների թռչնամիսը և ձուն ներկայացնել լաբորատոր փորձաքննության՝ դրանցում հակաբիոտիկների և հորմոնների առկայությունը ստուգելու նպատակով: Նախաձեռնությանը տնտեսվարողներն արձագանքել են պատրաստակամորեն: