Նակոլկա Շուշոյի փոխարեն շարքային աշխատողն ընկավ հարվածի տակ. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հերթական «շաբաթօրյակն» անցկացրեց Նորագավիթի՝ Արարատյան մաքսատանը։ Նա բարկացավ, երբ տեսավ նախ գետնին ընկած «բիչոկը», ապա մաքսակետի աշխատակցի պահվածքը, որը, Փաշինյանի կարծիքով, «ձգված» չէր դիմավորում երկրի վարչապետին, իսկ կուլմինացիան հասավ այն պահին, երբ տեսավ, որ սենյակներից մեկում դրոշն ընկած է գետնին, կեղտոտ։ «Դիմումդ կգրես, կգնաս տուն, լսեցի՞ր: Ով աշխատել է այդ սենյակում, բոլորը հեռացվեն աշխատանքից: Դրանց կանգնելու ձեւը, հագուկապը, ոնց որ քուչում լինեն: Լավ ա չեն պպզել»,- դիմելով սենյակում նստած աշխատակիցներին՝ ասաց Փաշինյանը։ Պարզվում է, սակայն, վարչապետ Փաշինյանը չունի մաքսայինի աշխատակցին աշխատանքից ազատելու իրավունք, քանի որ մաքսային աշխատակցին նշանակում եւ ազատում է ՊԵԿ ղեկավարը, որի համար անհրաժեշտ են բազմաթիվ հիմքեր։
Թե որոնք են այդ հիմքերը, երեկ մեզ հետ զրույցում ԼՀԿ իրավաբան պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց․ «Եթե աշխատողն իր աշխատանքային պարտականությունները թերի է կատարում, Աշխատանքային օրենսգիրքը սահմանում է կարգապահական պատասխանատվություն, այդ պատասխանատվության մեջ է մտնում նաեւ աշխատանքից ազատումը, բայց դա ծայրահեղ միջոց է։ Մինչ այդ որոշակի միջոցներ պետք է ձեռնարկել, եթե չեմ սխալվում՝ երկու անգամ նկատողություն պետք է լինի, հետո՝ ազատում։ Իհարկե, կան ծայրահեղ դեպքեր, որոնց դեպքերում գործատուն իրավունք ունի միանգամից ազատել, օրինակ՝ ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ է մարդը գալիս աշխատանքի»։
Սիմոնյանի խոսքով, պետք է հասկանալ նաեւ, թե այդ «բիչոկը» մաքրելու պատասխանատվությունն ումն էր՝ այդ աշխատողի՞նը, մաքրուհո՞ւնը, թե՞ մաքսատան ղեկավարինը, ով պատշաճ չի հետեւել մաքրությանը եւ, առհասարակ՝ մյուս հարցերին։ Ի դեպ, մաքսատան պատասխանատուն համակարգում հայտնի Շուշանիկ Ներսիսյանն է՝ Նակոլկա Շուշոն, ՊԵԿ ղեկավարի տեղակալը, որն էլ հենց մաքսատանն ուղեկցում էր Փաշինյանին։ Ներկա էին նաեւ ՊԵԿ ղեկավարն ու Փաշինյանի տիկնոջ բարեկամ Ռաֆիկ Մաշադյանը, սակայն, ինչպես ասում են, տերովին տերն է տարել, անտերին՝ գելը։ Եվ պատասխանատուներին նկատողություն անելու կամ ազատելու փոխարեն Փաշինյանն ամենաթույլ օղակից «բռնեց»»։