Վարչապետի զայրույթը, ՊԵԿ-ն ու «Առինջ մոլը». եթե՝ «գնա, դիմում գրի», ապա ի՞նչն է փոխվել
«Ցանկացած պետական պաշտոնյա, ինչ էլ ասվի՝ մարդ-արարած է: Ըստ այդմ, ամեն մարդկային ոչ մեկին խորթ չէ` անկախ իր քաղաքական կարգավիճակից: Բայց, կան «բայց»-եր: Իսկ, եթե անձը նաև քաղաքական գործիչ է, եթե նաև պետական բարձրաստիճան պաշտոնյա է, եթե ի լրումն՝ կառավարության ղեկավարն է, ապա «բայց»-երն ավելի շատ են, ընդգծված ու բոլորի ուշադրության կենտրոնում»,-գրել է Արմեն Հակոբյանը armeniasputnik.am-ում:
«Շատ-շատերը տեսան այն կադրերը, թե Նորագավիթի մաքսակետ այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչպես բորբոքվեց տարածքի մաքրության, ավելի ճիշտ՝ անմաքրության վիճակից, իսկ ՀՀ դրոշի անխնամ տեսքն էլ ապահովեց նրա զայրույթն ու պոռթկումը: Ովքեր չէին տեսել, գոնե լսեցին: Ովքեր չէին լսել, հնարավոր է` կարդացին: Նաև այն մասին, թե ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը հենց տեղում կարգադրեց, որ դրոշը վատ վիճակում պահող երիտասարդ մաքսավորը, առհասարակ, այդ տարածքում աշխատողները դիմում գրեն, ասել է թե՝ հոժար կամքով աշխատանքից ազատվեն: Նիկոլ Փաշինյանի զայրույթն այսպես ձևակերպվեց. «Դիմում կգրես ու կգնաս տուն, լսեցի՞ր: Ով աշխատել է այդ սենյակում, բոլորը հեռացվեն աշխատանքից: Դրանց կանգնելու ձևը, հագուկապը, ոնց որ քուչում լինեն: Լավ ա չեն պպզել…»:
ուգահեռներն ու հարցերն այնքան շատ են, որ էլ ասելու չէ: Սակայն ասելու անհրաժեշտություն կա:
Մի կողմից, իհարկե, առաջինն ինչ ոչ միայն մեր մտքին եկավ այդ «էպիկական» տեսարանից հետո, համարյա կեսդարյա վաղեմության «Ոսկե ցլիկը» կարճամետրաժ կինոկատակերգության պատկերն էր: Դե այն, որ կոլխոզի նախագահ ընկեր Նաջարյանը, իմանալով, որ տոհմային ցլիկներին և հորթերին լավ չեն խնամել, դեռ մի բան էլ շաշկի են խաղացել աշխատանքի ժամին, իր մոտ է կանչում հորթապահին ու կարգադրում «դիմում գրել», որպես «անտաշ հորթապահ»: Մի հատ էլ հարցնում է՝ ո՞ւմ հետ էիր շաշկի խաղում, ու իմանալով, որ՝ Թորգոմի, կարգադրում է, որ մի դիմում էլ այդ` հանդիսատեսի աչքին չերևացած Թորգոմը գրի:
Հիմա մեր վարչապետինն է՝ «դիմում գրեք»:
Մյուս զուգահեռն, իհարկե, Բելառուսի ղեկավար Լուկաշենկոյի պահվածքն էր: Մանավանդ, վերջին փայլատակումները: «Բածկան» այնպես էր զայրացել կովերի անխնամ տեսքից, որ անխնա կարգադրեց կալանավորել անպատասխանատու պատասխանատուներին:
Հիմա մեր վարչապետինն է: Նա, իհարկե, «բածկա» չէ: Կեցվածքն ու հանրության մենթալիտետն էլ բավականին հեռու են բելառուսականից, բայց զանգվածները սիրում են բռունցքը սեղանին խփող ղեկավարների: Այդպես են ասում զանազան կերպարակերտիչներ, որոնց օտարերեն իմիջմեյքեր են անվանում:
Երրորդ զուգահեռումն ավելի շուտ Իլֆի ու Պետրովի կերտած Բենդերի թևավոր խոսքի թեթևակի վերափոխված տարբերակն է. «Վարչապետի այցերով հարվածենք փնթիությանն ու թափթփվածությանը»»-շարունակել է նա։
Ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում: