Թումանյանի հեքիաթները կթարգմանվեն գերմաներեն, հոլանդերեն՝ նոր նկարազարդումներով
Հայաստանը մասնակցել է Բոլոնիայի գրքի միջազգային ցուցահանդեսին: Այն մանկական գրքի ամենամեծ ցուցահանդեսն է աշխարհում: Այնտեղ հավաքվում են մանկական գրքի հրատարակիչներ, գրողներ, նկարազարդողներ, գրական գործակալներ, թարգմանիչներ: Բոլոնիայի գրքի ցուցահանդեսը լավ առիթ է մշակույթի նախարարության համար՝ ներկայացնելու օտար լեզուներով հրատարակված մանկական հայ գրականությունը, կապեր հաստատելու օտարերկրյա հրատարակչությունների և գրական գործակալների հետ:
ՀՀ մշակույթի նախարարությունից հայտնում են, որ նպատակ ունեին ներկայացնելու «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագիրը, որի շրջանակում յուրաքանչյուր տարի դրամաշնորհ է հատկացնում շուրջ քսան օտարերկրյա հրատարակչությունների՝ հայ դասական և ժամանակակից գրականություն թարգմանելու համար:
Համաձայն ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանի առիթով առջևում են Թումանյանի հեքիաթների գերմաներեն (լույս կտեսնի այս տարի), հոլանդերեն (լույս կտեսնի մինչև 2021 թվականը) հրատարակությունները նոր նկարազարդումներով։
Բոլոնիայի մանկական ցուցահանդեսին հայաստանյան պատվիրակության կազմում մասնակցել են «Անտարես», «Արևիկ», «Զանգակ», «Ջի Էս Էմ» հրատարակչությունները և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը:
Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առիթով ներկայացվել են «Արևիկ» հրատարակչության լույսընծայած Թումանյանի հեքիաթ¬ների անգլերեն և ռուսերեն հրատարակությունները: Ձեռք են բերվել Թումանյանի հեքիաթները մի քանի այլ լեզուներով թարգմանելու նախնական պայմանավորվածություններ:
Ներկայացվել են «IBBY»-ի հայաստանյան ազգային կոմիտեի հրատարակած գրքերը, մասնավորապես՝ Մանֆրեդ Թայզենի «Ապակյա Արամը» պատմվածքը (գերմանացի ժամանակակից մանկագիր (հայերեն) և «7 գույն» ժամանակակից հայ մանկագիրների պատմվածքների ժողովածուն (անգլերեն):
Նկարազարդողների և հրատարակչությունների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել Հայաստանի տաղավարում ցուցադրված հայ իլյուստրատորների գիրք-ժողովածուն, որ 2018-ին հրատարակել էր «Զանգակ» հրատարակչությունը։
Հայ իլյուստրատորների աշխատանքները ներկայացնելու նպատակով նախատեսվում է հաջորդ տարի պատվիրակության կազմում ընդգրկել նկարազարդողների, որոնք ցուցահանդեսի ընթացքում կմասնակցեն մասնագիտական աշխատանոցների։
Նախարարությունից նշում են, որ գրքի միջազգային ցուցահանդեսներին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում հայ հրատարակիչներին ձեռք բերելու օտարերկրյա հեղինակներին Հայաստանում հայերեն հրատարակելու թույլտվություններ, ինչպես նաև վաճառելու հայ ժամանակակից գրողների գործերը օտար լեզուներով հրատարակելու իրավունքները: Բոլոնիայի ցուցահանդեսի ընթացքում «Անտարես», «Արևիկ», «Զանգակ», «Ջի Էս Էմ» հրատարակչությունները ձեռք են բերել պայմանավորվածություններ՝ օտարագիր մանկագիրների գործերը հայերեն հրատարակելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան