Հանձնաժողովների բովանդակային քննարկման արդյունքում հնարավոր է ազդեցել բյուջեի վրա. Թանդիլյան
«Խորհրդարանական երկրում բյուջետային վերահսկողության գործառույթն իսկապես կարևորագույններից է ժողովրդավարական երկրների համար»,- այս մասին այսօր «Խորհրդարանական բյուջետային վերահսկողության ընթացիկ շեշտադրումները» թեմայով քննարկման ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը։
Նա նշեց, որ միջազգային խորհրդարանական միությունը մանրամասն ներկայացնում է խորհրդարանական վերահսկողության հետևյալ հիմնական գործառույթները՝ բացահայտել և կանխել կառավարության և պետական մարինների կողմից իշխանության չարաշահումները, կամայական, անօրինական, կամ ոչ սահմանադրական գործողությունները, այս գործառույթի հիմքում ընկած են քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, ստուգել, թե արդյոք կառավարությունն իրականացնում է իր ստանձնած և խորհրդարանի կողմից լիազորված քաղաքականությունը։
«Մենք նաև գնահատում ու հասկանում ենք, որ խորհրդարանի գործառույթը այլևս միայն օրենքներ ընդունելը չէ և ընդգրկում է ավելի մեծ շրջանակ։ Խորհրդարանական վերահսկողության գործառույթն իրականացվում է լիագումար նիստերով, հանձնաժողովների և հենց պատգամավորների միջոցով։ Լիագումար նիստերը ամենապարզ և ամենաթափանցիկ հատվածն է, դրանց ժամանակ է, որ խորհրդարանն իրականացնում է իր հիմնական լիազորությունները, իսկ ուժեղ հանձնաժողովները խորհրդարանի հիմնական գործիքն են»,- նշեց Թանդիլյանը։
Ինչ վերաբերում է պետական բյուջեի մասին օրենքի հաստատմանը ԱԺ-ի կողմից, հանձնաժողովի նախագահը նշեց, որ սրա հաստատման փուլում խորհրդարանի ունեցած լիազորությունները տեսականորեն անսահմանափակ են։
«Հանձնաժողովների բովանդակային քննարկման արդյունքում հնարավոր է ազդեցություն ունենալ բյուջեի վրա։ Ես կարծում եմ, որ բյուջեի դեռ աշխատանքային փուլում ԱԺ-ն և հանձնաժողովները պետք է կարողանան զուտ մասնագիտական քննարկումներ իրականացնել, որից հետո նոր կառավարությունը վերջնականացնի բյուջեն և ապա վերջնական նախագածի տեսքով ներկայանա ԱԺ։ Սա հնարավորություն կտա տեսականորեն ազդեցություն ունենալու լիզորությունն իրականացնել»,- հավելեց Թանդիլյանը։
ՀՀ ֆինանսների նախարարության պետական ներքին ֆինանսական հսկողության քաղաքականության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ Էդգար Մկրտչյանն ասաց. «Ինչպես հայտնի է, 2019-ի պետական բյուջեն ընդունվեց ամբողջությամբ ծրագրային ձևաչափով: Եվ թերևս այն կատարյալ լինելուց և մեր պատկերացրած բյուջեից հեռու է, սակայն ջանքեր են գործադրվում, որ այն հնարավորինս բավարար լինի հասարակության պահանջներին»։
Նրա խոսքով՝ 2020-2022թ միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2020 թվականի բյուջետային գործընթացի հետ կապված մի քանի առանձնահատկություններ կան, որոնք հաստատվել են 2019-ի մարտի 22-ի վարչապետի՝ բյուջետային գործընթացը սկսելու մասին որոշումով:
«Այս տարվա բյուջետային գործընթացը՝ միջնաժամկետ ծախսերի ծրագրի և տարեկան բյուջեի գործընթացը միացվել են իրար: Եվ հայտատու մարմինները մեկ հայտ են ներկայացնելու: Սա նշանակում է, որ 3 տարվա կտրվածքով իրենք ներկայացնելու են իրենց ծրագրերը, սակայն առաջին տարվա համար ներկայացնելու են մանրամասն հաշվարկ-հիմնավորումները, որոնք դառնալու են բյուջեի նախնական տարբերակ: Այս ուղղությամբ տարված աշխատանքի արդյունքում նախատեսված է, որ բյուջեի նախնական տարբերակը, այսինքն մինչ կառավարության կողմից պաշտոնապես ԱԺ ներկայացնելը, հուլիսի 22-օգոստոսի 20-ը ընկած ժամանակում պետք է քննարկվի ԱԺ գլխադասային հանձնաժողովներում: Այսինքն՝ հայտատու մարմինները բյուջեի նախնական տարբերակը հնարավորություն են ունենալու ներկայացնել ԱԺ գլխադասային հանձնաժողովներում, այնուհետև կառավարությունն արդեն դիտողությունների և առաջարկությունների հիման վրա լրամշակված տարբերակը պաշտնոնապես կներկայացնի ԱԺ»,- ներկայացրեց Մկրտչյանը։