Փաշինյան. ԵԽԽՎ-ն բնավ որևէ միջոց չի ձեռնարկում ԼՂ-ում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման համար
«Մեր երկրում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները նոր երանգներ են բերել նաև ԼՂ խնդրի կարգավորման մեր պատկերացումների մեջ»,-հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստում։
Փաշինյանի ելույթի ԼՂ-ին վերաբերող հատվածը՝ ստորև.
«Իհարկե, չափազանց կարևոր է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մենք կարողացել ենք բավական կառուցողական և դրական երկխոսություն սկսել, բայց համոզված եմ, որ միայն ղեկավարների միջև երկխոսությունը բավարար չէ հարցը կարգավորելու համար: Շատ կարևոր է, որ երկխոսություն մեկնարկի նաև հանրությունների միջև, որ մենք մեր հանրություններին պատրաստենք խաղաղության և ոչ թե պատերազմի:
Վերջես Երևանում տեղի ունեցած ասուլիսում ես հայտարարեցի, որ նման երկխոսության կարևորագույն հարթակ կարող են լինել սոցիալական ցանցերը, ուր հայերն ու ադրբեջանցիները, ցավոք, առայժմ շփվում են հայհոյանքների և ատելության լեզվով:
Հակամարտության երեսուն տարիների ընթացքում մենք կարծես պիտի սպառած լինեինք ատելության ու հայհոյանքի բառերը և պիտի իրար օգնեին հասկանալ միմյանց դիրքորոշումները, պիտի փորձեինք գտնել այն պատճառները, որոնք մեզ թույլ չեն տալիս լինել իրար հասկանալի:
Նման խոսակցություն սկսել եմ ես ինքս` անձամբ, մի քանի անգամ Հայաստանի խորհրդարանի ամբիոնից հայտարարելով, որ Ղարաբաղի հարցի կարգավորման որևէ տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար:
Սա մեր իրականության մեջ աննախադեպ հայտարարություն է և ըստ էության, այն բանաձևն է, որ հնարավորություն կտա հասնել Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը: Ցավոք՝ մենք համանման խոսքեր առայժմ չենք լսում Ադրբեջանից, և ես հույս ունեմ, որ խաղաղության այս ամբիոնից հղված ուղերձը ադրբեջանական հանրության շրջանում կստանա համարժեք արձագանք»։
Պատահական չէ, որ ԵԽ խորհրդարանական վեհաժողովի այս ամբիոնը ես անվանեցի խաղաղության ամբիոն: Հավատում եմ, որ սա այն տեղն է, որտեղ հայհոյանքը պետք է փոխարինվի երկխոսությամբ, սադրանքը պետք է փոխարինվի կառուցողական աշխատանքով: Բայց, ցավոք, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամբիոնը երբեմն օգտագործվում է նաև պատերազմներ հրահրելու համար:
Այս առումով չեմ կարող չնկատել, որ Լեռնային Ղարաբաղի հարցի հետ առնչվող այն քննարկումները, որ ԵԽԽՎ-ում տեղի ունեցան 2016 թվականի հունվարին, նույն թվականի ապրիլին բռնկված Չորսօրյա պատերազմի նախերգանքը դարձան և բարենպաստ հող ստեղծեցին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հարձակողական գործողություններ սկսելու համար:
Չեմ ուզում վստահորեն պնդել, որ գիտակցաբար, բայց, այնուամենայնիվ, այդ քննարկումների և փաստաթղթերի հեղինակները պատերազմի հրձիգ դարձան, որը մի քանի հարյուր կյանքեր արժեցավ թե’ Հայաստանի, թե’ Լեռնային Ղարաբաղի, թե’ Ադրբեջանի համար:
Այսօր էլ ցավոք՝ ինչպես միջազգային այլ հարթակներում, այնպես էլ ԵԽԽՎ-ում մենք տեսնում ենք այդ կառույցներն աշխարհաքաղաքական խաղերի, կոնֆլիկտների մեջ ներքաշելու, հակամարտության կողմ դարձնելու փորձեր, ինչը բացարձակապես հակառակ է այդ կազմակերպությունների էությանն ու առաքելությանը:
Հարկ է հիշել նաև, որ կոնֆլիկտները պետք է դիտարկել ամեն մեկն իր էության և բովանդակության մեջ, և որևէ կոնֆլիկտի մասին դատողություններ անել առանց դրա ծագումը, պատճառները, էությունն ու առանձնահատկությունները հասկանալու, նշանակում է պարզապես խաղալ մարդկային կյանքերի և մարդկային ճակատագրերի հետ:
Այս է պատճառը, որ մենք համարել և համարում ենք, որ Լեղնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով պիտի զբաղվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ հակամարտության երեք կողմերի հետ, որովհետև միայն այս ֆորմատում է, որ տիրապետում են ոչ միայն հարցի այսօրվա վիճակին, այլև ողջ պատմությանը, բանակցային նրբություններին դրանց մեկնարկի օրից:
Հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատն է, որ հիմնադրվել է հակամարտության բոլոր կողմերի՝ Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի երկխոսության հարթակ ձևավորելու համար, և մենք այսօր միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում վերականգնվի երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև:
Տիկնայք և պարոնայք,
Ասվածն ամենևին չի նշանակում, թե Եվրոպայի խորհուրդը Ղարաբաղյան հակամարտության գոտում անելիք չունի: Այս կազմակերպությունը, որ նախանձախնդիր է Եվրոպայում մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման համար, զրո ուշադրություն է դարձնում Լեռնային Ղարաբաղում գործող հասարակական կազմակերպություններին աջակցելու խնդրին:
ԵԽԽՎ-ն բնավ որևէ միջոց չի ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և քաղաքացիական հասարակության կայացման համար:
Սրա բացատրությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հակասություններ, տարընթերցումներ կան, որ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված չէ որպես պետություն»։
Բայց խոսքը ԵԽ-ի և ԵԽԽՎ-ի անելիքի առումով պետական կարգավիճակի մասին չէ: Եթե Լեռնային Ղարաբաղը դեռևս միջազգայնորեն ճանաչված չէ որպես անկախ պետություն, մի՞թե Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց մարդ լինելու վերաբերյալ միջազգային բանավեճ կա: Մի՞թե մարդու իրավունքների պաշտպանության համաշխարհային առաջամարտիկներից մեկի՝ Եվրոպայի խորհրդի համար առաջնայինը փաստաթուղթն է և ոչ թե իրական մարդը:
Եվ այս բարձր ամբիոնից ուզում եմ կոչ հղել Եվրոպայի խորհրդի և ընդհանրապես Եվրոպայի բոլոր այն կազմակերպություններին, որոնք զբաղվում են մարդու իրավունքների, խոսքի ազատության պաշտպանությամբ, ժողովրդավարական ինստիտուտների կայացմամբ:
Աջակցեք Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ կատարելագործելու իրենց օրենքներն ու ինստիտուտները, ամրապնդելու մարդու իրավունքները, օրենքի գերակայությունն ու անկախ դատական համակարգը: Դրանից շահելու է քաղաքացին՝ մարդը: Իսկ մարդն ավելին է, քան որևէ փաստաթուղթ, քան որևէ քաղաքական կամ խմբային շահ, և ես հավատում եմ, որ Եվրոպայի խորհուրդը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կառաջնորդվի հենց այս արժեքներով»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում