Փաշինյանը ԵԽ-ում. Դավիթ Տոնոյանի ու իմ հայտարարությունների միջև հակասություններ չկան
«Չեմ կարծում, որ իմ ու Դավիթ Տոնոյանի հայտարարությունների միջև հակասություն կա. մեկնաբանությունների հարց է։ Մեր առաջարկն այն է, որ դադարեցվի ուժի կիրառումը, սպառնալիքը, ռազմատենչ հռետորաբանությունը, որ Ադրբեջանն օգտագործում է Ղարաբաղի հարցում»,-այսօր այս մասին Եվրոպայի խորհրդում ԵԽ գլխավոր քարտուղարի հետ համատեղ հայտարարությունից հետո ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցի։
Փաշինյանը նշեց, որ «մենք ուզում ենք, որ մեր հասարակությունները պատրաստվեն խաղաղության և հույս ունենք, որ մեր գործընկերներն Ադրբեջանում նույնպես դա կանեն, որի դեպքում բոլորովին այլ իրավիճակում կլինենք»։
ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, կրկին խոսելով հակամարտության գոտիներում՝ «գորշ գոտիներում», Եվրոպայի խորհրդի գործունեության մասին, ասաց, որ անընդունելի է, որ Եվրոպայի խորհրդի մոնիտորինգային մարմիններն ու մարդու իրավունքների հանձնակատարը չեն կարող աշխատել որոշ տարածքներում, ինչպիսին է նաև Լեռնային Ղարաբաղը։
Յագլանդը նշեց, որ առաջարկություն ունեն, որ մարդու իրավունքների հանձնակատարը պետք է իրավունք ունենա աշխատել այս դեպքերում։ Յագլանդն ասաց, որ հանձնակատարը (Դունյա Միյատովիչ) ցանկանում է, հնարավորություն տեսնում է, որը, սակայն, պետք է քաղաքական աջակցություն ստանա և նա կարողանա աշխատել ոչ թե քաղաքական առումով, այլ մարդասիրական հիմունքներով։
Խոսելով հետհեղափոխական շրջանում Հայաստանի համար նոր առաջարկությունների, սպասումների մասին, Յագլանդը նշեց, որ նոր կառավարությունը բարեփոխումների օրակարգ ունի, որը շատ կարևոր է։
«Շատ կարևոր է տեսնել, թե ինչպես է ընդդիմությունը վերաբերում դրանց, ինչպես են լրատվամիջոցները լուսաբանում այդ փոփոխությունները՝ հատկապես հակակոռուպցիոն պայքարը։ Անկախ լրատվամիջոցները, անկախ դատական համակարգը շատ կարևոր են։ Կարծում եմ, սա է նոր կառավարության օրակարգը և կանենք ամեն ինչ, որպեսզի աջակցենք»,-ասաց Յագլանդը։
Նիկոլ Փաշինյանը Յագլանդին հանձնեց նաև քաղաքապետարանի որոշումը՝ Երևանում Եվրոպայի հրապարակ ունենալու մասին, որի բացումը վերջերս արեց ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեն։
Հարակից հրապարակումներ`
- ԵԽ հանձնակատար․ «Գորշ գոտիներ» հասնելու համար անհրաժեշտ է կառավարությունների աջակցությունը
- Դավիթ Տոնոյան. Սադրանքի դեպքում հակառակորդի հետ առերեսվելու ենք իր տարածքում. «Մեդիամաքս»
- Տոնոյան. «Տարածքներ՝ խաղաղության դիմաց»-ը վերաձևակերպվել է «նոր պատերազմ՝ նոր տարածքներ»