Փաշինյանի մերձավորի գործի ոդիսականը
Չնայած երեկվանից Գլխավոր դատախազությունից պնդում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական ցուցումով ԱԱԾ-ում նրա մերձավորի նկատմամբ հարուցված քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե, գործն այդպես էլ կոմիտե չի հասնում։
Դեռ երեկ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը Panorama.am-ին հայտնեց, ԱԱԾ-ում հարուցված գործն ուղարկվել է քննչական կոմիտե։
Երեկ ու այսօր՝ մինչ այս պահը, ինչպես պնդում է քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը, իրենք գործը չեն ստացել։
Ն. Հարությունյանը մանրամասնեց, սովորաբար ուղարկելուց ժամեր անց գործը հասնում է կոմիտե։ Առավոտյան ժամը 9։15 սուրհանդակ է եկել, բերվածների ցանկում հիշյալ քրեական գործը չկա, օրվա ընթացքում ևս մեկ անգամ սուրհանդակ է գալիս ժամը 15-ին։
«ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը դեռևս Քննչական կոմիտեն չի ստացել: Երբ դատախազությունը հիշյալ քրգործը կուղարկի Կոմիտե, հանդես կգանք հայտարարությամբ»,-ասաց նա։
Պատասխանից ենթադրվում է, որ գործը չի էլ ուղարկվել։ Դատախազությունից կրկին փորձեցինք ճշտել, ուղարկվե՞լ է, թե՞ ոչ, եթե ուղարկվել է, ապա ե՞րբ։
Արևիկ Խաչատրյանն ասաց. «Ուղարկել ենք արդեն, ի՞նչ խնդիր կա, ամսի 9-ով ստորագրված քրեական գործն արդեն ուղարկվել է քննչական կոմիտե։ Երբ կհասնի իրենց, դա արդեն չգիտեմ»։
Շարունակ հնչեցվող հարցը, թե ե՞րբ է քրեական գործը ելք եղել դատախազությունից, Արևիկ Խաչատրյանը թողեց անպատասխան։
«Ես բառերի բազար չեմ անում»,-ասաց նա։
Իրականում սա ոչ թե «բառերի բազար» է, ինչպես ներկայացնում է դատախազության ներկայացուցիչը, այլ հստակեցում։ Եթե դատախազությունն իսկապես ուղարկել է գործը, իսկ քննչական կոմիտեն էլ հավատարիմ մնա խոստմանը, ապա այսօր հայտնի կդառնա, թե Փաշինյանի որ մերձավորն էր խախտել օրենքը, ի՞նչ խախտման մասին է խոսքը։
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց.
«Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով: Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի և մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության: Սա նոր Հայաստան է, և վարչապետի որեւէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»։