Փաշինյանի քեռու տղայի դեմ հարուցված քրեական գործը հասավ քննչական կոմիտե
Այսօր՝ ապրիլի 11-ին քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել ինստիտուտի դիպլոմն առերևույթ կեղծելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
«ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ «ՊՈԱԿ-ի ինժեները, 2019թ. փետրվար ամսին կադրերի բաժին ներկայացնելով Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը 1993թ. «գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտությամբ ավարտելու և ինժեներ-մեխանիկի որակավորում ստանալու մասին դիպլոմի պատճեն, նշանակվել է հիշյալ կազմակերպությունում բաժնի պետ-տնօրենի տեղակալի պաշտոնում:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել՝ ՊՈԱԿ-ի ինժեների կողմից կադրերի բաժին ներկայացված դիպլոմի՝ առերևույթ կեղծված լինելու մասին:
Դեպքի առթիվ 2019թ. ապրիլի 4-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով»,-հայտնեցին քննչական կոմիտեից՝ ավելացնելով, որ կատարվում է նախաքննություն:
Նշենք, որ Քրեական օրենսգրքի հիշյալ հոդվածը սահմանում է. «Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»։
Ըստ տեղեկությունների, մեղադրանքն առաջադրված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի քեռու որդու՝ Մամիկոն Նապոլեոնի Հովհաննիսյանի նկատմամբ։ Հովհաննիսյանն ավելի վաղ հերքել էր այդ տեղեկությունները։
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով:
Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի և մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի մերձավորի գործի ոդիսականը
- Արման Թաթոյան. Քիչ առաջ նկատեցի վարչապետի երկրորդ գրառումը
- Փաշինյանի ցուցումով հարուցված քրեական գործն ԱԱԾ-ն ուղարկել է Քննչական կոմիտե